Վիկտորյան սովորում է «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի 8-րդ դասարանում: Նա երազում է դառնալ վարչապետ: Եվ այդ մասին նա հայտարարեց երկրի առաջին ամբիոնից` Ազգային ժողովում: Վիկտորյան հույս ունի, որ կդառնա Հայաստանի առաջին կին վարչապետը:
Վիկտորյայի դասարանցի Գոռը վարչապետ դառնալ չի ուզում: Նա ունի այլ պատկերացումներ իր ապագայի վերաբերյալ:
Գոռի ու Վիկտորյայի ցանկություններն ապագայի ընտրության հարցում տարբեր էին, սակայն նրանք եւ իրենց մյուս դասարանցիներն ունեին մեկ ընդհանուր նպատակ՝ լինել Հայաստանի գլխավոր շենքերից մեկի ներսում: Նրանց այդ երազանքն իրականացված է:
Ապրիլի 14-ին «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարանի հյուրերն էին «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի աշակերտները եւ ուսուցիչները:
Աշակերտներն ԱԺ դահլիճի օթյակից հետեւեցին նիստի ընթացքին. ամբիոնի մոտ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր Կառավարության ծրագրի կատարողականը: Ի դեպ, դա տեղի է ունենում տարեկան ընդամենը 2 անգամ:
Երեխաների հետ զրուցեցին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հովհաննես Հովհաննիսյանը, Վիկտոր Ենգիբարյանը եւ Հակոբ Ասլանյանը:
Պատգամավորների կարծիքով՝ երեխաները ճիշտ ուղու վրա են՝ ընտրելով հենց այդ դպրոցը:
Ավելի ուշ ԱԺ նիստերի դահլիճում երեխաների հետ զրուցելու հնարավորությունը բաց չթողեցին: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Մոլորվելով խորհրդարանի միջանցքներում՝ նրանք վերջապես գտան ԱԺ թանգարան բերող ճանապարհը: Այնտեղ ծանոթացան ցուցադրվող հուշանվերներին: Տեսնելով դրանց բազմազանությունը՝ երեխաներին հատկապես հետաքրքրեց, թե որ երկրներն են ավելի շատ նվիրել: Այսպիսով նրանց համար նաեւ պարզ դարձավ միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվությունը:
Նույն օրը խորհրդարան այցելեցին նաեւ Արագածոտնի մարզի Օշական գյուղի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները:
Նրանք եւս ծանոթացան օրենսդիր մարմնի պատմությանը՝ այցելելով թանգարան ու գրադարան: Այնտեղ նրանց գրքերի անծայրածիր աշխարհը ներկայացրեց Ազգային գրադարանային շաբաթվա հիմնադիրներից մեկը՝ Ֆաթմա Խաչատրյանը, որը, ի դեպ, արդեն երկար տարիներ ԱԺ գրադարանավարն է:
Գրադարանում երեխաների հետ հանդիպեցին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանը եւ Սերգեյ Մովսիսյանը:
Զրույցից հետո երեխաները եղան ԱԺ նիստերի դահլիճի օթյակում, որտեղ նրանց ծափերով ողջունեցին ԱԺ պատգամավորներն ու Կառավարության անդամները: Աշակերտները հետեւեցին Կառավարության հարց ու պատասխանին, որից ոգեւորված օշականցի Մանեն հայտարարեց, որ հենց նոր որոշեց պատգամավոր դառնալ: