Ապրիլի 15-ին խորհրդարանը «Բաց դաս» ծրագրի շրջանակում հյուրընկալեց Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին:
Հյուրերին նիստերի դահլիճի օթյակում ջերմորեն ողջունեցին պատգամավորներն ու Կառավարության անդամները:
Հետեւելով օրենսդրի աշախատանքին՝ դպրոցականները հետաքրքրվեցին, թե ինչպես են ծնվում եւ կյանքի կոչվում օրենքները: Հարցերը պարզաբանեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սերգեյ Մովսիսյանը, Վիկտոր Ենգիբարյանն ու Համազասպ Դանիելյանը:
Հյուրերը եղան թանգարանում, որտեղ ծանոթացան ԱԺ պատմությանը: Իսկ գրադարանում գրքի եւ էլեկտրոնային գրքի դերակատարության մասին խոսեց երկար տարիներ այստեղ իր ջանքերը ներդրած աշխատակցուհին:
Ձեւավորված ավանդույթի համաձայն երեխաները նկարվեցին պատգամավորների հետ: Դահլիճում նկարվելիս մի քիչ երեխա էին դարձել նաեւ պատգամավորները:
Աշակերտները շատ տպավորված էին այցով: Վրեժը, որը սովորոմ է 7-րդ դասարանում, այսօրվա այցից հետո որոշեց ընտրել այնպիսի մասնագիտություն, որով պիտանի կլինի մեր երկրին:
Ճանապարհն այսօր Ազգային ժողով էր բերել նաեւ Երեւանի Վալերի Բելինսկու անվան թիվ 38 դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին: Նրանց հետ զրուցեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արման Եղոյանն ու Հերիքնազ Տիգրանյանը:
Պատգամավորները ներկայացրեցին ԱԺ կառուցվածքը եւ պատասխանեցին դպրոցականներին հետաքրքրող հարցերին:
Աշակերտներին ամենաշատն ուրախացրեց Արման Եղոյանի՝ տնային աշխատանքները դպրոցական պարտադիր ծրագրից հանելու գաղափարը: