Հայկական գրադարանային ասոցիացիան արդեն 20 տարի կազմակերպում եւ անցկացնում է Ազգային գրադարանային շաբաթը: Այս տարի ապրիլի 12-19-ն անցկացվող Ազգային գրադարանային շաբաթը եւս մեկ առիթ է՝ վերստին արժեւորելու գրքի եւ գրադարանի դերն ու նշանակությունը: Շաբաթն անցնում է «Գիրքը՝ բալասան» նշանաբանի ներքո:
Սկզբում միջոցառմանը մասնակցել է 5-10 գրադարան: Այժմ Հայաստանի բոլոր գրադարանները միացել են իվենթին: Իրազեկման շաբաթը նաեւ փորձի փոխանակման շաբաթ է: Հանրապետության բոլոր գրադարաններում անցկացվում են մշակութային միջոցառումներ, դասընթացներ ու վեբինարներ գրադարանավարների եւ ընթերցողների համար:
Հայաստանի Ազգային գրադարանը որոշել է Երեւանի եւ մի քանի մարզերի գրադարանները մասսայականացնել, քանի որ մեր համայնքների բնակիչներից շատերն անգամ չգիտեն, որ իրենց համայնքներում կան գրադարաններ, չգիտեն, թե ինչով են զբաղված, ինչ ծառայություններ են մատուցում:
Խորհրդարանի գրադարանն ինչպես ամեն տարի, այս տարի եւս միացավ ավանդական դարձած այս արարողությանը: ԱԺ հրավիրվեցին Կապանի, Մեղրու, Սիսիանի եւ Գորիսի հենակետային գրադարանների տնօրենները: Չորս քաղաքային գրադարաններից յուրաքանչյուրին հանձնվեց 90 հատ գիրք: Գրքերը կարեւոր առաքելություն ունեն. ընթերցասեր հասարակությունը կծանոթանա նոր հրատարակություններին, արդիական թեմաներին:
Արարողությանը մասնակցեցին պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ: Օրենսդիրները համոզված են՝ նմանատիպ միջոցառումները լրացուցիչ նախադրյալներ են ստեղծում մարզային գրադարանների հավաքածուները հարստացնելու եւ ժամանակակից գրողների գործերը սերունդներին հասանելի դարձնելու տեսանկյունից:
Սիսիանի մշակույթի կենտրոնի գրադարանի վարիչ Գայանե Վարդանյանի խոսքով՝ գիրքը կյանքի շարժիչ ուժն է, եւ մարզային գրադարանները վերակենդանացնելու խորհրդարանի ստանձնած առաքելությունը շատ սպասված է:
Մարզային գրադարանների տնօրենները վստահ են, որ ԱԺ-ն այս քայլով իր ներդրումը կունենա հասարակությանը գրքին առավել մոտեցնելու գործում:
Ազգային ժողովի աշխատակազմը տրանսպորտային միջոց կհատկացնի՝ գրականությունը Կապանի մարզային գրադարան հասցնելու համար: