Ապրիլի 20-ին տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցներին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից մասնակցեցին պատգամավորներ Գեւորգ Պապոյանը, Արման Եղոյանը եւ Արուսյակ Ջուլհակյանը:
Մինչ լրագրողների հարցերին պատասխանելն Արման Եղոյանն անդրադարձավ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը ԵԽԽՎ լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելուն:
«Երեկ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության երկարատեւ եւ համառ ջանքերից հետո Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը վերջապես մտավ ԵԽԽՎ լիագումար նիստերի օրակարգ: Այսօր այն կքննարկվի ԵԽԽՎ լիագումար նիստում: Երեկ էլ «Եվրանեսթ» ԽՎ-ում մեր պատվիրակությունը մեկ անգամ եւս բարձրացրել է այդ հարցը: Իսկ այսօր առցանց ձեւաչափով այն կդառնա քննարկման առարկա «Եվրանեսթ»-ի հարթակում»,-ասաց Արման Եղոյանը: