Ապրիլի 20-ին տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցներում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը հայտնեց նման տեսակետ.
«
Նախ ուզում եմ նշել, որ ի հեճուկս այն գնահատականների, թե 2020-ը Հայաստանը փակելու է շատ բարձր երկնիշ տնտեսական անկումով` իրականությունն այլ է. կորոնավիրուսին եւ պատերազմին զուգընթաց տնտեսությունն ունեցել է ընդամենը 7.6 տոկոս անկում: Ընդ որում, առանձին ամիսներին, հատկապես դեկտեմբերին, մենք նկատում էինք դրական դինամիկա: Պետք է զուգահեռաբար նշել, որ կորոնավիրուսը ոչ միայն մարտահրավեր է եղել տնտեսությանը, այլ առանձին ճյուղերի համար եղել է հնարավորություն, եւ արձանագրվել են բավականին լավ ցուցանիշներ: Օրինակ` հագուստի արտադրությունն աճել է 4.3 տոկոսով, քիմիական նյութերի եւ քիմիական արտադրատեսակների արտադրությունը` 23.6 տոկոսով, պատրաստի մետաղական արտադրատեսակներինը` 20.6 տոկոսով, էլեկտրական սարքավորումներինը` 22 տոկոսից ավելի, կահույքի արտադրությունը` 13.7 տոկոսով: Սրան զուգահեռ մենք ունեցել ենք նաեւ մի շարք ոլորտներում արտահանման աճ, որը նույնպես կորոնավիրուսի ստեղծած հնարավորություններից օգտվելու արդյունք է: Մասնավորապես, կենդանական ծագման արտադրանքի արտահանումն աճել է ավելի քան 50 տոկոսով, բուսական ծագման արտադրանքինը` 27 տոկոսից ավելի, հանքահումքային արտադրատեսակների դեպքում` 11 տոկոսից ավելի, քիմիական որոշ իրերի դեպքում` 16.3 տոկոս, կոշիկի դեպքում` 15 տոկոսից ավելի»:
Պապոյանը նաեւ նշեց, որ 2020-ի ընթացքում Կառավարությունն իրականացրել է ավելի քան 200 մլրդ դրամի աջակցության ծրագրեր եւ՛ ֆիզիկական անձանց, եւ՛ կազմակերպությունների, բիզնեսի համար: «Այդ աջակցության ծրագրերի պատճառով ու հետեւանքով է նաեւ, որ Հայաստանում մենք գրեթե չենք ունեցել մակրոտնտեսական խնդիրներ եւ պահպանվել է մակրոտնտեսական կայունությունը, որն արտահայտվել է պատերազմից հետո եվրոբոնդերի թողարկմամբ: Այն աննախադեպ ցածր է եղել Հայաստանի ողջ պատմության համար` 3.6 տոկոս»,-ասաց նա: Պատգամավորը հիշեցրեց, որ նախկինում ունեցել ենք 5.7 տոկոսանոց թողարկումներ:
Գեւորգ Պապոյանի խոսքով` հունվար-փետրվար ամիսներին հարկային մուտքերը նախորդ տարիների համեմատ ավելացել են եւ պլանավորածից 8 տոկոսով ավելի են: «2019-ի համեմատ մենք ունենք բավականին լավ ցուցանիշ: Սա նույնպես ցույց է տալիս, որ տնտեսությությունն արագ տեմպերով վերականգնվում»,-ասաց պատգամավորը: