Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցի շրջանակում ապրիլի 25-ին այցելեց Հայաստանում ֆրանսիական համալսարան:
Պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում: Ժերար Լարշեն ծանոթացավ ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին, կիրառվող մեթոդաբանությանը: Ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին Սենատի նախագահին, անդրադարձան Արցախյան վերջին պատերազմի ծանր հետեւանքներին: Համալսարանի բազմաթիվ ուսանողներ մասնակցել են 44-օրյա պատերազմին: Նրանցից 11-ը բռնել է հավերժության եւ անմահության ուղին: Համալսարանում տեղի ունեցավ մոմավառություն` ի հիշատակ զոհված քաջորդիների:
Հանդիպման ավարտին Ֆրանսիայի Սենատի նախագահը մեր երկրին մաղթեց խաղաղություն` ընդգծելով, որ Ֆրանսիան կանի հնարավորը հայ ռազմագերիների վերադարձի գործում օժանդակելու եւ Արցախի հիմնահարցի արդարացի լուծման համար: Նա կարեւորեց խաղաղ բանակցությունների գործընթացի վերականգնումը: