ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 18-ի հերթական նիստում քննարկեց ԱԺ Բյուջետային գրասենյակի` ընթացիկ տարվա առաջին եռամսյակում կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը: Համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանի տեղեկացմամբ` գրասենյակը հաշվետու ժամանակահատվածում ստացել է 44 հարցում, որից 22-ը պատգամավորներից, 2-ը` խմբակցություններից, 20-ը` մշտական հանձնաժողովներից: 2021-ի առաջին եռամսյակում ստացված հարցումներն ավելի քիչ են եղել, քան 2020-ին, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ պատգամավորներն իրենց հետաքրքրող որոշ տեղեկություններ ստանում են հանձնաժողովների եւ խմբակցությունների անունից իրականացվող հարցումների միջոցով: Ստացված հարցումների վերաբերյալ պատրաստվել եւ ԱԺ նախագահին, նրա տեղակալներին, հանձնաժողովներին, խմբակցություններին եւ պատգամավորներին է տրամադրվել 122 տեղեկանք: Պատրաստվել են նաեւ 64 ոլորտային տեղեկանքներ, որոնք տեղեկություններ են պարունակել 2020-ի պետական բյուջեի եւ 2021-ի պետական բյուջեի հունվար-փետրվար ամիսների ծախսային հոդվածների կատարման վերաբերյալ: Դրանք նույնպես տրվել են ԱԺ մշտական հանձնաժողովներին` ըստ նրանց գործունեության ոլորտների, ինչպես նաեւ ԱԺ մյուս մարմիններին:
Գրասենյակի ուսումնասիրությունները վերաբերել են պետական պարտքին, սոցիալ-տնտեսական հիմնական ցուցանիշներին, եկամուտներին ու ծախսերին: Պատրաստվել են ինֆոգրաֆիկ բնույթի տեղեկանքներ, որոնք 3-4 տարվա կտրվածքով վերլուծական տեղեկություններ են պարունակել վերոնշյալի վերաբերյալ:
Պատգամավորները թեեւ դրական գնահատեցին Բյուջետային գրասենյակի կատարած աշխատանքը, այնուամենայնիվ նկատեցին, որ խորհրդարանը բավարար չափով չի օգտվում գրասենյակի վերլուծություններից: Անհրաժեշտ համարվեց խթանել գրասենյակի կատարած տեղեկատվության տարածումը սոցիալական ցանցերի միջոցով: