ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ հերթական նիստերին հաջորդող ճեպազրույցների ընթացքում հայտնեց, որ խմբակցության 17 անդամները 2019 թվականի հունվարի 14-ից, երբ խորհրդարանն ստանձնել է իր պարտականությունները, ունեցել են 865 ելույթ, տվել 771 հարց` չհաշված հանձնաժողովներում ունեցած ելույթներն ու հարցերը: Խմբակցությունը 3 անգամ հանդես է եկել հարցապնդմամբ, շրջանառության մեջ դրել 90-ից ավելի հայտարարությունների, ուղերձների նախագծեր: Ընդունվել են խմբակցության հեղինակած մի շարք նախագծեր, որոնց շնորհիվ քաղաքացիների բազմաթիվ հարցեր են կարգավորվել տարբեր ոլորտներում: Խմբակցության ղեկավարն անդրադարձավ նաեւ ԵԽԽՎ-ում իր կատարած գործունեությանը` նշելով, որ ներկայացրել է ՀՀ շահերն ու խնդիրները: Ակտիվ գործունեության արդյունքում Էդմոն Մարուքյանն ընտրվել է ԵԽԽՎ Մարդու իրավունքների եւ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ: Աշխատել է նաեւ Մոնիտորինգի հանձնաժողովում:
Խմբակցության ղեկավարը նշեց նաեւ, որ Եվրանեսթ ԽՎ-ում ակտիվ աշխատել է խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը, ԵԱՀԿ ԽՎ-ում` Անի Սամսոնյանը, իսկ Հարություն Բաբայանն աշխատել է ՀԱՊԿ եւ ԱՊՀ ԽՎ-ներում, բարեկամական խմբերում եւ այլն: Խմբակցության ղեկավարն ընտրողներին հորդորեց ծանոթանալ «Լուսավոր Հայաստան»-ի` շուրջ 30 էջից բաղկացած հաշվետվությանը եւ պարզել, թե ինչպես են օգտագործել ժողովրդի շնորհիվ ստացած մանդատները: