Պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հունվարի 13-ի նիստում:
Առողջապահության բնագավառի մարդկային ներուժի պլանավորումը, Նարեկ Զեյնալյանի գնահատմամբ, համակարգի կարեւորագույն գործառույթներից է: Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է վիճակագրական տվյալներ` նշելով, որ ՀՀ-ում բժիշկների թիվը համարժեք է միջազգային միջին թվաքանակին, այն է` 10 հազար բնակչին 35 բժիշկ: Նրա դիտարկմամբ` մարզերում եւ Երեւանում բժիշկների անհամաչափ բաշխվածության խնդիր կա: Երեւանում 10 հազար բնակչին բաժին է ընկնում 88 բժիշկ, իսկ մարզերում բուժաշխատողների թիվը բավականաչափ պակաս է:
Նախագծի ընդունումը բխում է առողջապահության բնագավառի մարդկային ներուժի ոլորտում առկա իրավիճակի հետագա վատթարացումը կանխելու, ավագ եւ միջին բուժաշխատողների պահանջարկի պլանավորման եւ պատրաստման միասնական, կանխատեսելի պետական քաղաքականություն ձեւավորելու անհրաժեշտությունից:
Հարակից զեկուցող, ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը նշել է, որ մարզերում առկա են բուժաշխատողների բավականաչափ թափուր տեղեր: Նրա խոսքով` ներկա պահին Կառավարությունն արդեն մի շարք ծրագրեր է իրականացնում: Առաջարկվող օրինագծի ընդունմամբ կընդլայնվի իրականացվող ծրագրերի շրջանակը:
Նախագիծն արժանացել է դրական եզրակացության: