Հունվարի 13-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` կալանքի` որպես խափանման միջոցի կիրառման ինստիտուտի արժեզրկման, դատական գործերի «ձեռքով» մակագրման կարգի խախտումների եւ դրանց վերացման վերաբերյալ:
Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, նախկին եւ ներկա դատավորներ, իրավապաշտպաններ, փաստաբաններ, ինչպես նաեւ դատական եւ իրավական ոլորտի ներկայացուցիչներ:
Թագուհի Թովմասյանը նշել է, որ կալանքն ընկալվում է որպես պատժամիջոց, ոչ թե խափանման միջոց, ինչը, ըստ նրա, եւ' իրավական տեսանկյունից, եւ' միջազգային կոնվենցիաներով չի կարող ընդունելի լինել:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը տեղեկացրել է, որ նախորդ տարի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին փորձել է պարզել խափանման միջոց կալանավորման վերաբերյալ վիճակագրական տվյալներ, որի պատկերը ծայրահեղ անհանգստացրել է: «Խոսքը դատարանների ներկայացված կալանավորման միջնորդությունների 80 տոկոսից ավելին բավարարելու պատկերի մասին է»,- ընդգծել է նա:
Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանի խոսքով` կալանավորումների թիվը նվազում է: Սակայն, ըստ նրա, պետք է կենտրոնանալ ոչ թե թվի, այլ բովանդակության վրա:
ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական եւ իրավական ապահովման վարչության պետի տեղակալ Կարեն Ամիրյանը եւս ընդգծել է, որ վերջին տարիներին նվազման միտումը հստակ է: Նա նաեւ տեղեկացրել է, որ դատախազությունը դեռեւս 2018-ին մշակել է օրենսդրական փաթեթ, որը վերաբերում է կալանավորումը` որպես խափանման միջոց կիրառելու գործընթացը հստակեցնելուն: Սակայն փաթեթին ընթացք չի տրվել:
Քննարկման մասնակիցներն անդրադարձել են նաեւ դատական գործերի «ձեռքով» մակագրմանը` ընդգծելով, որ այն առաջացրել է որոշ դատավորների դժգոհությունը: Հաճախ չի պահպանվել դատական գործերի` դատավորների ազգանունների այբբենական հերթականության բաշխման պահանջն ու պատահականության սկզբունքը:
Պարզաբանվել է, որ նախորդ տարվա հուլիսից քրեական գործերից մեկի նախաքննության շրջանակում քրեական հետապնդման մարմնի կողմից առգրավվել են դատավորների միջեւ գործերի բաշխման համակարգչային ծրագրի սերվերի մուտքի եւ կառավարման բանալիները: Նշվել է, որ հարցի առնչությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան:
Ամփոփելով աշխատանքային քննարկումը` ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը պատրաստակամություն է հայտնել բարձրաձայնված խնդիրներն առավել խորքային ուսումնասիրել եւ անհրաժեշտության դեպքում ներկայացնել օրենսդրական փոփոխություններ: