Խորհրդարանը հունվարի 17-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը նշել է, որ նախատեսվում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի վերացմամբ ստեղծել երկու ինքնուրույն, առանձին մասնագիտացումներ ունեցող քաղաքացիական եւ վարչական պալատներ: Նախատեսվում է նաեւ ներդնել դատավորների թեկնածուների եւ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակների համալրման ճկուն մեխանիզմներ:
Օրենսդրական փաթեթի ընդունմամբ կապահովվի Վճռաբեկ դատարանում վարչական գործերի քննության իրականացումը մասնագիտացված վարչական պալատի միջոցով, ինչպես նաեւ հնարավորություն կտրվի Բարձրագույն դատական խորհրդին առավել ճկուն մեխանիզմներով ապահովել դատավորների թեկնածուների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակների համալրումը:
Հարակից զեկույցում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Դավթյանը, ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը, նշել է, որ այս կարգավորմամբ խրախուսվում է դատավորների մասնագիտացումը: Եթե այսօր Վճռաբեկ դատարանում քաղաքացիական եւ վարչական ոլորտի մասնագետները քննում են եւ՛ քաղաքացիական, եւ՛ վարչական գործերով վեճերը, ապա նախաձեռնության ընդունմամբ այս առումով հստակ մասնագիտացում է լինելու:
Պատգամավոր Արամ Վարդեւանյանի համար անընդունելի է դատարանի նախագահի պաշտոնավարման անընդհատության խաթարումը, իսկ վարչական եւ քաղաքացիական պալատների տարանջատմանը պատգամավորը կողմ է արտահայտվել: Պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ դատարանի նախագահը ներկայացուցչականից բացի այլ գործառույթներ չպետք է ունենա, բոլոր դատավորները պետք է ունենան հավասար իրավունքներ: Նա կոչ է արել գործընկերներին կողմ քվեարկել առաջարկին: