Հունվարի 18-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պատգամավորներ Տաթեւիկ Գասպարյանի, Լենա Նազարյանի, Նարեկ Բաբայանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Առաջարկվող փոփոխությամբ քաղաքացու ինքնությունը մահվան պահից առնվազն մեկ ամսվա ընթացքում չհաստատվելու դեպքում ժառանգության բացման օրը կհամարվի ոչ թե մահվան օրը, այլ մահվան պետական գրանցման օրը: Կարգավորումը չի տարածվելու այն դեպքերի վրա, երբ օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ արդեն կա ժառանգություն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին նոտարին ներկայացված դիմում:
Հիմնական զեկուցող Լենա Նազարյանը տեղեկացրել է, որ օրինագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ չեն ներկայացվել. այն մնացել է անփոփոխ:
Հարակից զեկուցմամբ Արթուր Դավթյանը հորդորել է գործընկերներին կողմ քվեարկել:
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: