Հունվարի 21-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԵՄ խորհրդում ֆրանսիական նախագահության ներկայացուցիչ, Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնի եւ Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ղեկավարած պատվիրակությանը:
Մտքեր են փոխանակվել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ Սոչիում ՌԴ նախագահի, ինչպես նաեւ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի ու Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ կայացած հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ:
Կողմերն անդրադարձել են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին: ԱԺ փոխնախագահը կառուցողական է գնահատել հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը Մոսկվայում՝ նշելով, որ հայկական կողմը հետաքրքրված է բովանդակային գործընթացի միջոցով հստակ խնդիրների լուծմամբ: