ՀՀ Ազգային ժողովը հունվարի 24-ի հերթական նիստում շարունակել է քննարկել Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը:
Այդ պաշտոնում ընտրելու համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունը:
Թեկնածության վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել ԱԺ խմբակցությունները:
«Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Նա ընդգծել է հանրային կյանքում ՄԻՊ ինստիտուտի կարեւոր նշանակությունը, անդրադարձել Քրիստիննե Գրիգորյանի հնչեցրած մի քանի մտքերի՝ հակադարձելով դրանց:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դրական դիրքորոշումը Քրիստիննե Գրիգորյանի թեկնածության վերաբերյալ ներկայացրել է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Նա ընդգծել է, որ թեկնածուն ունի բարձր հեղինակություն եւ տիրապետում է մասնագիտական լավագույն որակների, ինչպես նաեւ առանձնանում է անձնային դրական հատկանիշներով:
«Խմբակցությունը միանշանակ կողմ է քվեարկելու Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությանը»,-ասել է Հայկ Կոնջորյանը:
Եզրափակիչ ելույթում Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձել է պատգամավորների ելույթներին, տվել պարզաբանումներ: Նա շնորհակալություն է հայտնել խորհրդարանին շահագրգիռ քննարկման, առաջարկների, քննադատության ու դրական գնահատականների համար:
«ՄԻ պաշտպան ընտրվելու դեպքում կլինեն առիթներ՝ ըստ գործերի եւ արդյունքների գնահատելու իմ գործունեությունը: Ես տրամադրված եմ ամենայն պատասխանատվությամբ իրականացնելու Մարդու իրավունքների պաշտպանի կարեւոր առաքելությունը, շարունակելու Պաշտպանի հաստատության ինստիտուցիոնալ կայացումը»,-ամփոփել է խոսքը Քրիստիննե Գրիգորյանը: