Մարտի 16-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հեղինակն առաջարկում է 2016թ. հոկտեմբերի 4-ի ՀՀ հարկային օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի ե. ենթակետում «բազայից» բառը փոխարինել «բազայի 80 տոկոսից» բառերով:
Նշվել է, որ ՀՀ հարկային օրենսգրքի 109-րդ հոդվածում առկա է նույն հոդվածի տարբեր դրույթների ակնհայտ հակասություն: Անշարժ գույքի կադաստրային արժեքները շուկայական արժեքներին մոտարկվելու հետեւանքով օրենսգրքի վերջին փոփոխությունների արդյունքում մի կողմից հարկային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ. ենթակետով շենքի սկզբնական արժեքը որոշվում է անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսից ոչ պակաս չափով, մյուս կողմից` նույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի ե. ենթակետով` անշարժ գույքի հարկով հարկման բազայից ոչ պակաս չափով: Իսկ 179-րդ հոդվածի համաձայն` մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված բնապահպանական հարկի գումարների հաշվանցման իրավունքը ձեռք է բերվում մատակարարներին վճարումների կատարման դեպքում միայն, մինչդեռ հաշվանցվող մյուս հարկատեսակների` ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի դեպքում այս մոտեցումը տեւական ժամանակ վերացված է, եւ հաշվանցումները կատարվում են միայն հաշվարկային փաստաթղթերի հիման վրա` առանց վճարման հանգամանքը հաշվի առնելու:
Գեւորգ Պապոյանն առաջարկում է վերացնել համապատասխան հոդվածում առկա հակասությունները եւ սահմանել, որ կարգավորվող բոլոր դեպքերում շենքի սկզբնական արժեքը որոշվում է անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսից ոչ պակաս չափով:
Միաժամանակ, առաջարկվում է բնապահպանական հարկի հաշվարկման ժամանակ կիրառել հաշվանցվող մյուս հարկատեսակների` ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի հաշվանցումների նույն մոտեցումը` առանց հաշվի առնելու մատակարարներին վճարում կատարված լինելու հանգամանքը, որն էականորեն կհեշտացնի նաեւ բյուջե վճարման ենթակա բնապահպանական հարկի գումար հաշվարկման կարգը:
Հարակից խոսքում ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը նշել է, որ Կառավարության համար ընդունելի են նախագծով առաջարկվող փոփոխությունները: Գործադիրը միայն ներկայացրել է խմբագրական բնույթի առաջարկություններ, որոնք ընդունվել են հեղինակի կողմից:
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: