ՀՀ Ազգային ժողովը մարտի 23-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Քվեարկությամբ ընդունվել են նախորդ օրը քննարկված օրինագծերը , բացառությամբ՝ պատգամավորներ Իշխան Սաղաթելյանի, Արամ Վարդեւանյանի, Աղվան Վարդանյանի հեղինակած «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթի:
Այնուհետեւ խորհրդարանը շարունակել է նախորդ օրը մեկնարկած ՀՀ կառավարության, Վլադիմիր Վարդանյանի, Արթուր Դավթյանի հեղինակած ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը:
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից իր ելույթում Արամ Վարդեւանյանը նշել է, որ քննարկվող օրենսդրական փաթեթը բավականաչափ հավասարակշռված եւ կարեւոր նախաձեռնություն է իրավապահ մարմինների համար: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում խմբակցության կողմից ներկայացվել է առաջարկություն, ըստ որի՝ 20 տարի պաշտոնավարած քննիչը, դատախազը կկարողանան անցնել կենսաթոշակի, նույնիսկ այն դեպքերում, եթե վերջիներիս կողմից կարգապահական խախտում է թույլ տրվել: Ներկա կարգավորումներով նշված անձինք զրկվում են այդ տարբերակից: Առաջարկությունն ընդունվել է:
Կարեւորելով օրենսդրական փաթեթի ընդունման անհրաժեշտությունը՝ առաջարկվել է կողմ քվեարկել նախաձեռնությանը: