ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանի եւ Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաեւի՝ ապրիլի 4-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել են ԵԱՏՄ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Արմեն Գեւորգյանի խոսքով՝ ԵԱՏՄ համագործակցության առումով այժմ բարդ ժամանակաշրջան է՝ կապված ռուս-ուկրաինական իրադարձությունների եւ դրա հետեւանքով Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հետ: «Քանի որ ԵԱՏՄ երկրների տնտեսությունը փոխկապակցված է, ապա չենք կարող մեզ վրա չզգալ այդ պատժամիջոցների հետեւանքները: Ի սկզբանե մենք շատ մտահոգված էինք, որ այդ իրավիճակն ազդեցություն կունենա մեր երկրի պարենային անվտանգության վրա, քանի որ հացահատիկը հիմնականում ներկրվում է Ռուսաստանից»,- ասել է հանձնաժողովի նախագահը: Նրա խոսքով՝ տարբեր քննարկումներ ցույց են տալիս, որ կարծես բարենպաստ լուծումներ գտնվել են՝ հաշվի առնելով ԵԱՏՄ երկրների հետաքրքրությունները՝ մեղմացնելու այդ պատժամիջոցների ազդեցությունները:
ԵԱՏՄ շրջանակում խնդիրների լուծման համար զրուցակիցները կարեւորել են ջանքերի համատեղումը:
Նշվել է, որ երկու երկրների հարաբերությունները դինամիկ զարգանում են, թեեւ կա ներուժ՝ տարբեր ոլորտներում ընդլայնելու եւ խորացնելու փոխշահավետ համագործակցությունը:
Զրուցակիցները քննարկել են նաեւ միջխորհրդարանական կապերին, տարածաշրջանային խնդիրներին եւ մարտահրավերներին վերաբերող հարցեր:
Հանձնաժողովի նախագահը դեսպանին է փոխանցել հայ հանրության անհանգստությունը՝ կապված Ստամբուլյան հայտարարագրում տեղ գտած որոշ գնահատականների հետ, որոնք վերաբերում են հայ-ադրբեջանական չկարգավորված հարցերին: Արմեն Գեւորգյանը նշել է, որ դրանում ոչ միայն շնորհավորանքներ են՝ կապված «հաղթանակի» հետ, այլեւ ելակետային պահեր՝ վերաբերող, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքին:
Արմեն Գեւորգյանն այս կապակցությամբ ընդգծել է նաեւ «Հայաստան» խմբակցության անհանգստությունը՝ նշելով, որ քանի դեռ հարցը լուծված չէ, կարեւոր է, որ ՀԱՊԿ անդամ գործընկերները պահպանեն առնվազն կառուցողական չեզոքություն:
Տնտեսական համագործակցության շրջանակում նշվել է՝ Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ առեւտրաշրջանառությունը նախորդ տարի 26 տոկոսով ավելացել է: Այս համատեքստում կարեւորվել է նաեւ լոգիստիկ խնդիրների կարգավորումն այլընտրանքային ուղիներով:
Հանդիպման ավարտին դեսպան Իմանբաեւն անդրադարձել է Ղազախստանում սպասվող բարեփոխումներին եւ սահմանադրական փոփոխություններին, կարեւորել այդ համատեքստում Հայաստանի փորձը: Արմեն Գեւորգյանն ընդգծել է՝ կարեւոր է, որ երկրում իրականացվող բարեփոխումների արդյունքում հասարակությունը չբաժանվի տարբեր՝ հակադիր կողմերի: