Խորհրդարանում ամեն տարի տարբեր բուհերի ուսանողներ անցնում են ուսումնական փորձառություն:
Այս անգամ Ազգային ժողովում վեցշաբաթյա փորձաշրջան են անցնում ՀՀ պետական կառավարման ակադեմիայի եւ Երեւանի պետական hամալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողները:
Ապրիլի 6-ին նրանց հետ հանդիպել է ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը ներկայացրել է իր գլխավորած հանձնաժողովի գործունեության հիմնական ոլորտները, խոսել օրենսդիր մարմնի գործառույթների ու կառուցվածքի մասին:
Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձեւաչափով:
Քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, արեւելագիտություն, օտար լեզուներ ուսումնասիրող ուսանողները զրուցել են նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի, հետպատերազմական իրավիճակի մասին:
Հանդիպման ավարտին Հերիքնազ Տիգրանյանն ուսանողներին մաղթել է արդյունավետ ուսումնական փորձառություն անցնել օրենսդիր մարմնում: