Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ապրիլի 12-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու համար քվեարկության է դրվել «Հայաստան» խմբակցության հեղինակած եւ գլխադասային հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասինե ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասինե օրենքի նախագիծը: Նախաձեռնությունը չի ստացել բավարար թվով կողմ ձայներ եւ չի ընդգրկվել նստաշրջանի օրակարգում:
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը եւ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը հայտնել են, որ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցելու այսօր գումարվող ԱԺ հերթական նիստերի աշխատանքներին:
Նիստերին չմասնակցելու ընդդիմության որոշումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, որոնք առնչվում են Արցախին եւ նրա շուրջ տեղի ունեցող գործընթացներին:
Սեյրան Օհանյանը եւ Հայկ Մամիջանյանը հայտնել են, որ ընդդիմադիր պատգամավորներն այսօր մտադիր են մեկնել Արցախ եւ Հայաստանի սահմանամերձ մարզեր` հայրենակիցների կողքին լինելու համար: Ելույթներից հետո ընդդիմադիր պատգամավորները լքել են նիստերի դահլիճը:
Ընդդիմության նման քայլին անդրադարձել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` փորձելով հասկանալ, եթե ընդդիմությունը խորհրդարանում գործունեություն չի ծավալում, ինչու՞ է աշխատավարձ ստանում, ինչու՞ վայր չի դնում մանդատները:
Ելույթն ամբողջությամբ`
այստեղ:
Ընդդիմության նման որոշմանն ու գործելաոճին իր ելույթում անդրադարձել է նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Խորհրդարանական ընդդիմությունն իր այս քայլով ոչ թե պաշտպանում է Արցախը, այլ սադրում է, ավելի է սրում Արցախի եւ հայության անվտանգային խնդիրները: Խորհրդարանական ընդդիմությունը նորից օգտագործում է Արցախի հարցը եւ մեր անվտանգային խնդիրները` Հայաստանում իշխանությունը բռնազավթելու եւ հեղաշրջում իրականացնելու համար, եւ սա դրա վառ ապացույցն է: Նրանք այսօր խրամատավորվում են Արցախի ներքաղաքական կյանքում` նորից հերթական ներքաղաքական եւ ներհայաստանյան ինտրիգները գեներացնելու համար»,- ասել է նա:
Ելույթ են ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության այլ պատգամավորներ եւս, որից հետո խորհրդարանը հաստատել է նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերը: