Արցախի կառավարությանը եւ քաղաքացիներին աջակցելու, Արցախի բնականոն կենսագործունեությունն ապահովելու նպատակով Հայաստանի կառավարությունը 2020թ. նոյեմբերից մինչեւ 2021թ. իրականացրել է երկու տասնյակից ավելի միջոցառում՝ 136 մլրդ դրամից ավելի ընդհանուր բյուջեով. Կառավարության ծրագրի 2021թ. կատարման մասին զեկույցի վերաբերյալ հարակից զեկուցմամբ հանդես գալով՝ ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Նա անդրադարձել է 44-օրյա պատերազմից հետո Արցախի սոցիալ-տնտեսական վերականգնմանն ուղղված այն միջոցառումներին, որոնք իրականացրել են Հայաստանի կառավարությունը եւ Արցախի կառավարությունը՝ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:
Զեկուցողը տեղեկացրել է, որ Կառավարության որոշմամբ պետությունը երաշխավորել է Արցախում արտակարգ իրավիճակներում կամ ռազմական, կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով տուժած անձանց անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում: 2021թ. մինչ օրս ապահովվել է անվճար ուղեւորափոխադրում՝ Երեւան-Ստեփանակերտ երթուղով, որի համար միայն 2021թ. ընթացքում հատկացվել է շուրջ 175 մլն դրամ: Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 590 ուղերթ, որից օգտվել է ավելի քան 25 հազար անձ:
Մհեր Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը 2020թ. նոյեմբերին միանվագ 68 հազար դրամի չափով աջակցություն է տրամադրել Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված անձանց, նաեւ՝ հավելյալ 15 հազար դրամ՝ Հայաստանում անշարժ գույք չունենալու պարագայում: Միջոցառումից օգտվել է շուրջ 100 հազար անձ: Աջակցություն է տրամադրվել նաեւ Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչներին. ընտանիքի յուրաքանչյուր անդամին միանվագ հատկացվել է 300 հազար դրամ: Ծրագրի բյուջեն կազմել է շուրջ 10,6 մլրդ դրամ, շահառու է հանդիսացել 35 հազար անձ:
Հրետակոծության հետեւանքով Արցախում բնակարանը, տունն ավերված կամ կորցրած ընտանիքի յուրաքանչյուր անդամ՝ 5388 անձ, միանվագ ստացել է 250 հազար դրամ. ծրագրի բյուջեն կազմել է շուրջ 1,3 մլրդ դրամ:
Կառավարությունը փոխհատուցել է 2020-2021թթ. ուսումնական տարվա առաջին կիսամյակի այն ուսանողների ուսման վարձը, ովքեր մասնակցել են մարտական գործողություններին կամ եթե այդ գործողություններին մասնակցել են նրանց ծնողները կամ ամուսինները: Ծրագրից օգտվել է 4210 ուսանող: Իրականացվել են նաեւ այլ ծրագրեր:
Փոխվարչապետի խոսքով՝ Հայաստանի կառավարությունն իրականացրել է նաեւ մի շարք միջոցառումներ՝ Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչներին հյուրընկալած եւ Արցախում հրետակոծության հետեւանքով բնակարանը կամ տունը կորցրած անձանց հյուրընկալած ընտանիքներին օժանդակություն ցուցաբերելու նպատակով: