«Ութերորդ գումարման Ազգային ժողովն էլ ավելի է զարգացնում հայ-ռուսական հարաբերությունները»,- նշել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը ԵՊՀ-ի եւ ՀՀ ՊԿԱ-ի ուսանողների հետ ապրիլի 13-ին հանդիպման ժամանակ:
Ուսանողները մեկամսյա փորձաշրջան են անցնում Ազգային ժողովում:
Հանդիպման ընթացքում ռուսական համայնքի ներկայացուցիչը կարեւորել է խորհրդարանական այն հարթակները, որտեղ համագործակցում են հայ եւ ռուս պատգամավորները:
Սանդիկովն ընդգծել է, որ այս տարին հոբելյանական է. նշվելու են Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչպես նաեւ «Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» պայմանագրի 25-ամյակը:
Անդրադառնալով խորհրդարանում ազգային փոքրամասնությունների ներկայացվածությանը` պատգամավորը մանրամասնել է, որ վեցերորդ գումարման ԱԺ-ից սկսած` Դոնթի բանաձեւի համաձայն` Հայաստանի չորս մեծաթիվ ազգային փոքրամասնությունները (եզդիական, ռուսական, ասորական եւ քրդական) մեկական ներկայացուցիչ ունեն խորհրդարանում:
Ալեքսեյ Սանդիկովը նշել է, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն օրենսդիր մարմնում բարձրաձայնում են իրենց համայնքների խնդիրների մասին եւ փորձում գտնել լուծման տարբերակներ: