«2020թ. ադրբեջանական զինված ուժերի պատերազմական գործողությունները եւ ադրբեջանական զորքերի ապօրինի ներկայությունը մեր երկրի որոշ հատվածներում սկզբունքորեն փոխել են Պաշտպանի գործունեության առանձնահատկություններն ու ուղղությունները»,- ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը` մայիսի 4-ին ԱԺ հերթական նիստում ներկայացնելով «2021թ. ՀՀ ՄԻՊ-ի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը:
Նա նշել է, որ 2020թ. եւ 2021թ. խիստ անհրաժեշտ է եղել 24-ժամյա ռեժիմով փաստահավաք աշխատանքների իրականացումը:
Հաշվետու տարում ինտենսիվ աշխատանք է տարվել ռազմական գործողությունների համատեքստում Ադրբեջանի զինված ուժերի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ ապացույցներ հավաքելու, անհրաժեշտ իրավական գնահատական տալու եւ դրանք միջազգային կառույցներին ներկայացնելու համար:
Նշվել է, որ ՄԻՊ-ի աշխատակազմն այս աշխատանքները կատարել է համավարակի պայմաններում:
2021թ. Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորությամբ պարբերական այցեր են կատարվել սահմանամերձ բնակավայրեր, որոնց արդյունքում մշակվել եւ իրավասու պետական մարմիներին ու միջազգային կառույցներին են ներկայացվել զեկույցներ` արձանագրված խախտումների վերաբերյալ:
Կատարված արձանագրումների հիման վրա որպես հիմնարար առաջարկություն է ներկայացվել Ադրբեջանի հետ սահմանամերձ բնակավայրերի հարեւանությամբ անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու գաղափարը, որն իր արտացոլումն է գտել ԵԽԽՎ այս տարվա հունվարին ընդունված բանաձեւում:
Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձել է ՄԻՊ-ի գործունեության երաշխիքներին: Նշվել է, որ Պաշտպանի աշխատանքի արդյունավետության գրավական են նաեւ այն օրենսդրական երաշխիքները, որոնք ապահովում են ինստիտուցիոնալ անկախության անհրաժեշտ մակարդակ:
Ըստ նրա` գործնականում Պաշտպանն արձանագրել է դեպքեր, որոնք պարունակել են իր գործունեության խոչընդոտների իրական վտանգներ: Դրանցից մեկը Պաշտպանի գործունեության իրականացման կապակցությամբ կեղծ էջերից կամ օգտահաշիվներից ատելության, վիրավորանքի, ինչպես նաեւ ակնհայտ կեղծ կամ սխալ տեղեկությունների տարածումն է եղել:
Նշվել է նաեւ, որ Պաշտպանի աշխատակազմի դիտարկումներով Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագիրն անտեսել է Պաշտպանի հրապարակումները երկրում տեղի ունեցող կարեւոր իրադարձությունների վերաբերյալ:
Քրիստիննե Գրիգորյանը կարեւորել է ՄԻՊ-ի օրենսդրության կատարելագործման գործառույթի իրականացումը:
Նախորդ Պաշտպանն ընդգծել է ՄԻՊ-ի եւ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների հետ համատեղ աշխատանքի կարեւորությունը:
Քրիստիննե Գրիգորյանը տեղեկացրել է, որ ԵԽԽՎ-ի մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողների 2021թ. նոյեմբերի պաշտոնական բնորոշմամբ` Հայաստանում ինստիտուցիոնալ հակակշիռները գտնվում են կառուցման փուլում: Նշվել է նաեւ, որ ՄԻՊ-ը զսպումների եւ հակակշիռների արդեն իսկ գործող համակարգ է ապահովում:
ԵԽԽՎ-ի 2022թ. հունվարի բանաձեւում եւս մեկ անգամ անդրադարձել է Պաշտպանի հաստատությանը` որպես զսպումների եւ հակակշիռների ապահովման արդյունավետ հաստատության: Նշվել է, որ Պաշտպանի անկախությունն ամուր կերպով հաստատվել է:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է նաեւ վիճակագրություն: Եթե 2020թ. ստացվել է 14780 դիմում-բողոք, ապա 2021թ. դրանք անցել են 21000-ի սահմանը:
Դրական լուծում ստացած դիմումների դինամիկան հետեւյալն է` 2020 թ. 2200 է, իսկ 2021թ. այդ դիմումների թիվը 2750-ից ավելի է:
Քրիստիննե Գրիգորյանը տեղեկացրել է, որ ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից 2022թ. հունվարին հրապարկված հանրային կարծիքի հարցման արդյունքներով Պաշտպանի գործունեությունից գոհ է եղել հարցմանը մասնակից քաղաքացիների 68 տոկոսը:
Նա կարեւոր է համարել այն հանգամանքը, որ ՄԻՊ-ի տարեկան հաղորդումը եւ «ՀՀ ՄԻՊ-ի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2021թ. գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը հրապարակվել են նախորդ Պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ընթացքում:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք առնչվել են բնագավառում առկա խնդիրներին, Պաշտպանի գործունեությանն ու առաջիկա ծրագրերին:
Մտքերի փոխանակությանը մասնակցած պատգամավորները հիմնականում դրական են գնահատել ՀՀ ՄԻՊ-ի 2021թ. տարեկան հաղորդումը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանության հաստատությունը չափազանց կարեւոր դերակատարում ունի մեր հասարակության ձեւավորման եւ պետականության ամրապնդման ու կատարելագործման հարցում: «Մեր պետությունը վերջին 30 տարում ամբողջատիրական համակարգից անցում է կատարում դեպի ժողովրդավարական համակարգ, որն ունի դրական առումով իր չափազանց կարեւոր կողմերը եւ, իհարկե, ունի ներքին բարդություններ»,- ասել է ԱԺ պատգամավորը: Նա կարեւոր ձեռքբերում է համարել Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ձեւավորումն ու կայացումը: Ըստ Վիգեն Խաչատրյանի` ՄԻՊ-ը վատ չի կատարել իր պարտականությունները: Պատգամավորն առաջարկել է օրենսդրորեն ամրագրել, որ Պաշտպանը պաշտոնավարումից հետո առնվազն 5 տարի չի կարող զբաղեցնել քաղաքական որեւէ պաշտոն, քանի որ Պաշտպանը պետք է լինի անկախ, հեռու մնա պաշտոնավարման ընթացքում քաղաքականությամբ զբաղվելու գայթակղությունից:
«Մեր իրավունքները սկսվում են մեր ազատություններով: Մեր հանրապետությունը պետք է լինի ազատ երկիր: Քաղաքացիներն իրենց երկրում պետք է լինեն ազատ: Մենք ուզում ենք, որ մեր հասարակությունը ձեւափոխվի»,- ասել է պատգամավոր Գուրգեն Արսենյանը:
Անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության անհնազանդության ակցիաներին` նա նշել է, որ փողոցում մի գործընթաց է, որի նպատակը քաղաքացու ազատությունները խլելն է: Նշվել է, որ քաղաքացու կարեւորագույն ազատություններից է իշխանություն ընտրելու իրավունքը: Պատգամավորի հավաստմամբ` ընդդիմադիրները մի թեզ են նետել հանրության մեջ, թե գործող իշխանությանը կողմ քվեարկած 680000 ընտրողները սխալվել են: «Մենք պետք է ուղիղ խոսենք հասարակության հետ: Ընդդիմությունը քաղաքական գործունեություն է իրականացնում առանց բովանդակության: Նրանք ժողովրդի մեջ սերմանում են անվստահություն` սեփական ճակատագիրը տնօրինելու տեսանկյունից»,- ասել է ԱԺ պատգամավորը:
Նշվել է նաեւ, որ մենք պետք է կարողանանք սթափ կառավարել մեր երկրի ներկան ու ապագան:
Եզրափակիչ ելույթում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պատրաստակամություն է հայտնել շարունակելու խորհրդանական մշտական հանձնաժողովների հետ ինտենսիվ գործակցությունը: