Ազգային ժողովը մայիսի 6-ին գումարված արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահե Ղալումյանի եւ Վահագն Հովակիմյանի հեղինակած ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Զեկուցող Վահագն Հովակիմյանը պարզաբանել է, որ 102-րդ հոդվածի 6-րդ մասը նախատեսում է ֆորս-մաժորային իրավիճակ, երբ խոշորացված համայնքներում ինչ-ինչ պատճառներով համայնքի ղեկավար չի ընտրվում, ապա այս դեպքում հնարավորություն է ընձեռվում, որ վարչապետը կարողանա համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել` մինչեւ համայնքը կընտրի իր ղեկավարին:
Նախագծի ընդունմամբ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 102-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերում համայնքի ղեկավարի պաշտոնակատար կարող է նշանակվել նաեւ տվյալ համայնքի ավագանու անդամը:
Կառավարության եզրակացությունը նախագծի վերաբերյալ դրական էր:
Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ:
Հեղինակների առաջարկով եւ խորհրդարանի որոշմամբ` նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում:
Երկրորդ ընթերցմամբ քննարկելիս Վահագն Հովակիմյանը տեղեկացրել է, որ նախաձեռնությունը լրացվել է եւս մեկ նախագծով: Փաթեթին ԱԺ գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: Այն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ:
Սպառելով օրակարգը` խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը: