Հուլիսի 14-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի հեղինակն է պատգամավոր Զարուհի Բաթոյանը: Նախաձեռնության ընդունումը պայմանավորված է մեր երկրում հաշմանդամություն ունեցող ուղեւորների իրավունքների իրացման համար իրավական հիմքեր ստեղծելու անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ միջազգային պայմանագրերով ստանձնած ՀՀ պարտավորությունների կատարմամբ:
Հեղինակի կողմից օրենքում նախատեսվող փոփոխությունները եւ առաջինից երկրորդ ընթերցում ներկայացված առաջարկները` այստեղ:
Զարուհի Բաթոյանի խոսքով` հատկապես խոշորացված համայնքներում բնակիչները պետք է համոզված լինեն, որ նոր տրանսպորտային երթուղին կամ նոր ավտոպարկը պետք է լինեն մատչելի եւ հարմար բոլորի համար` հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, մանկասայլակներով տեղափոխվող ծնողների եւ այլն:
Հարակից զեկույցում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Ըստ նրա` նախագիծը կարեւոր է հաշմանդամություն ունեցող անձանց կյանքը բարելավելու տեսանկյունից: Պատգամավորը հորդորել է կողմ քվեարկել:
Երկրորդ ընթերցմամբ է քննարկվել նաեւ Զարուհի Բաթոյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն վերաբերում է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքների պաշտպանությանը:
Օրենքում նախատեսվող բոլոր փոփոխությունները` այստեղ:
Հարակից զեկույցում պատգամավոր Մարիամ Պողոսյանը բարձրաձայնել է նախաձեռնության վերաբերյալ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Նախագծի վերաբերյալ Կառավարության դիրքորոշումը եւս դրական է:
Քննարկված նախաձեռնություններն ընդունվել են երկրորդ ընթերցմամբ: