Օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային եւ գյուղական խորհուրդների եւ նրանց գործադիր մարմինների ընդունած եւ իրենց իրավական ուժը պահպանած ակտերը փոփոխելու եւ լրացնելու, ինչպես նաեւ դրանք ուժը կորցրած ճանաչելու լիազորությունները պատվիրակել համայնքների ղեկավարներին: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:
Կառավարության հեղինակած ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 7-ի նիստում:
«Խոսքը վերաբերում է ոչ թե բովանդակային, մասնագիտական փոփոխություններին, այլ այդ իրավական ակտերը ժամանակակից փոփոխություններին համապատասխանեցնելուն. փողոցի անուններ, անձնագրային մետրիկայի փոփոխություն, տեխնիկական այլեւայլ փոփոխություններ, որոնք չէին իրականացվում»,- նշել է հիմնական զեկուցող Վաչե Տերտերյանը:
Հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն:
««Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը հետաձգվել է մինչեւ երկու ամսով: