«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացման պատճառը բուժաշխատողների պաշտպանության հարցն է:
ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի եւ Լուսինե Բադալյանի հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 8-ի հերթական նիստում:
Հեղինակներն առաջարկում են օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր կետով. «Շարունակական մասնագիտական զարգացման գործընթացն իրականացնելու՝ սույն հոդվածի չորրորդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի համապատասխան՝ նվազագույն անհրաժեշտ կրեդիտների ապահովման ժամանակահատվածում պահպանվում են բուժաշխատողի աշխատատեղը, ինչպես նաեւ պայմանագրով եւ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով նախատեսված հիմնական աշխատավարձը»:
Հեղինակները քննարկումներ են ունեցել բուժհաստատությունների տնօրենների, բժիշկների հետ, որոնք դրական են գնահատել նախաձեռնությունը:
Խնդիրն այն է, որ 2023 թ. հունվարի 1-ից սկսելու է գործել բուժաշխատողների ՇՄԶ կրեդիտավորման գործընթացը: Բժիշկները 5 տարում պետք է հավաքեն 220, բուժքույրերը՝ 140 կրեդիտ: Եթե բուժաշխատողներն այդ ժամանակահատվածում չհավաքեն համապատասխան կրեդիտները, ապա չեն կարողանա պահպանել իրենց աշխատատեղը: Հեղինակները պարզաբանել են, որ ավելի կրեդիտներ հավաքելու պարագայում առաջարկվող կարգավորումը չի գործելու:
Կառավարությունը ներկայացրել էր որոշ առաջարկներ, որոնց մի մասը հեղինակներն ընդունել են: Չի ընդունվել դրանցից մեկը, որով առաջարկվում էր այլ կերպ ձեւակերպել լրացումը: Կառավարության կարծիքով, եթե նախագիծն ընդունվի այն տեսքով, ինչպես առաջարկում են հեղինակները, ապա բուժհիմնարկների վրա հավելյալ ֆինանսական բեռ կավելանա: Այս տեսակետի հետ համամիտ չէին հեղինակները:
Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը հեղինակներին առաջարկել է շրջանառությունից հանել նախագիծը եւ վերստին քննարկել այն:
Հեղինակները չեն ընդունել Կառավարության այս առաջարկը:
Քվեարկության արդյունքում նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Այն կառաջարկվի ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: