Այս նախագծով մենք կմաքրենք մի պատկառելի ցուցակ՝ 18 ֆուտբոլիստ, 2 բասկետբոլիստ, որոնք ժամանակին խաղում էին ՀՀ հավաքականներում եւ հիմա օրենքի հետ խնդիր ունեն, իրենց երկրներում պարբերաբար բերման են ենթարկվում. ներկայացնելով ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ասել է ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը:
Նախագծով լուծվում է այն անձանց զինվորական ծառայությունից ազատվելու խնդիրը, որոնք, լինելով այլ պետության քաղաքացի, ստացել են Հայաստանի քաղաքացիություն, հրավիրվել Հայաստանի Հանրապետություն՝ սպորտի բնագավառում հանդես գալու նպատակով, սակայն որոշ հանգամանքներով ՀՀ հավաքականից դուրս են եկել կամ այլեւս հանդես չեն գալիս հայկական դրոշի ներքո եւ ըստ ՀՀ օրենքի ենթակա են զորակոչի:
Փոխնախարարի խոսքով՝ առաջարկվում է օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել 5.1-ին եւ 5.2-րդ մասերով՝ հետեւյալ բովանդակությամբ. «Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է այն քաղաքացին, ով որպես օտարերկրյա քաղաքացի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ձեռք բերել որեւէ մարզաձեւի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմում (որեւէ տարիքային խմբի) հանդես գալու համար եւ մինչեւ 2021 թ. մայիսի 1-ը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքը կորցրել է: Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու համար քաղաքացին կամ համապատասխան ֆեդերացիան մինչեւ 2022 թ. հոկտեմբերի 1-ը դիմում է սպորտի բնագավառում պետական կառավարման լիազորված մարմին, որը մեկամսյա ժամկետում պարզում է ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը սույն հոդվածի 5.1 մասին եւ միջնորդություն է ներկայացնում ՀՀ պաշտպանության նախարարություն, որը քաղաքացուն ազատում է պարտադիր զինվորական ծառայությունից՝ սպորտի բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի միջնորդությունը ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում»:
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել: