««Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» առաջին ընթերցմամբ քննարկված օրենսդրական փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է զարգացնել Փաստաբանների պալատի ներքին կառուցվածքը եւ կառավարման համակարգը՝ այն ավելի համահունչ դարձնելով ինքնակառավարման սկզբունքին եւ կոլեգիալության տրամաբանությանը:
Փոփոխությունների արդյունքում նախատեսվում է ավելի արդյունավետ դարձնել փաստաբանների կարգապահական պատասխանատվության վարույթի իրականացումը: Ակնկալվում է նաեւ զարգացնել փաստաբանական ուսուցման, որակավորման քննությունների անցկացման եւ փաստաբանի արտոնագրման կարգը՝ թույլատրելով որոշակի չափանիշներին համապատասխանող անձանց առանց դպրոցում պարտադիր ուսուցման անմիջապես մասնակցել որակավորման քննություններին: Նախատեսվում է նաեւ թեթեւացնել հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածությունը, ընդլայնել հանրային պաշտպանի ծառայություններից օգտվողների շրջանակը:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը փաթեթին դրական եզրակացություն է տվել:
Նախաձեռնությունը խորհրդարանը քննարկել է սեպտեմբերի 14-ին:
Առաջին ընթերցմամբ քննարկվել են նաեւ «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում առաջարկվող լրացումները: ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Խաչատուր Խաչիկյանի խոսքով՝ ամրագրվել է Կառավարության կողմից նորմատիվ որոշումներ ընդունելու լիազորությունը՝ սահմանելով նաեւ իրավական որոշակիության սկզբունքը: Լիազորող նորմը ձեւակերպվել է հստակ՝ պարզ դարձնելով ակտն ընդունող մարմնի իրավասության շրջանակը:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Հովիկ Աղազարյանը: