Գործադիրը մի շարք առանցքային փոփոխություններ եւ լրացումներ է նախաձեռնել Աշխատանքային օրենսգրքում ու հարակից օրենքներում: ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը վերոնշյալ նոր կարգավորումները ոլորտի պատասխանատուների հետ քննարկելու նպատակով փետրվարի 24-ին կազմակերպել է խորհրդարանական լսումներ:
Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը բացման խոսքում ներկայացրել է խորհրդարանական լսումներ հրավիրելու շարժառիթը՝ նշելով, որ իր գլխավորած հանձնաժողովն այս հարցում հաշվի է առել նախագծի նկատմամբ հանրային հետաքրքրությունը եւ ոլորտի պատասխանատուների կողմից բազմաթիվ առաջարկներ ներկայացնելու հանգամանքը: Նա կարեւորել է առաջիկայում բոլոր շահագիգիռ կողմերից նախաձեռնության վերաբերյալ առաջարկներ ներկայացնելը: Հանձնաժողովի նախագահը լսումների կազմակերպմանն աջակցելու համար երախտագիտություն է հայտնել միջազգային գործընկերոջը՝ Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) հայաստանյան գրասենյակին:
«Միջազգային հանրապետական ինստիտուտը կարեւորում է միջգերատեսչական համագործակցությունը, հաղորդակցությունն ու քաղաքականության մշակման գործընթացներին մասնակցելու հանգամանքը: ՄՀԻ-ն ակտիվ մասնակցել է այս փաթեթի բարելավման աշխատանքներին»,- ընդգծել է Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջեյմս Դե Ուիթը: Նա հավելել է, որ նախաձեռնությունը հնարավոր է դարձել ԱՄՆ ՄԶԳ «Ընտրական գործընթացների եւ քաղաքական հաշվետվողականության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի միջոցով: Զեկուցողը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ գլխադասային հանձնաժողովին եւ ոլորտային նախարարությանը բաց, կառուցողական ու համագործակցային լինելու համար:
Հիմնական կարգավորումները ներկայացնելով՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն առանձնացրել է մինչեւ 18 տարեկան անձանց աշխատանքին վերաբերող կարգավորումները. դրանք վերաբերել են ժամային գրաֆիկին: 12-15 տարեկան երեխաները կաշխատեն օրական մինչեւ 4 ժամ, բայց շաբաթական ոչ ավելի, քան 12 ժամ՝ պարտադիր կրթության համար սահմանված ժամերից դուրս: 15-16 տարեկան երեխաները կաշխատեն շաբաթական մինչեւ 24 ժամ:
Փոխնախարարը տեղեկացրել է, որ կրթությունից դեպի աշխատաշուկա գնալու մասով նոր հոդված է ավելացվել, որով նախատեսվում է փորձնակի ինստիտուտը: Ներկայումս որեւէ տեղ փորձնակություն (պրակտիկա) անցնելն ուղղորդում են բուհերը, իսկ առաջարկվող կարգավորումներով ուսանողը կարող է որոշել, թե որ գործատուի մոտ անցնի փորձնակություն: Սահմանվել են փորձնակության սահմանափակումները. տեւողությունը մինչեւ երկու ամիս է, յուրաքանչյուր գործատուի մոտ մեկ անգամ կարող են անցնել այդ փորձնակությունը: Շեմ է նախատեսվել, ըստ որի՝ գործատուն առնվազն 10 աշխատող պետք է ունենա, որ կարողանա մեկ հոգու եւս ընդգրկել:
Նախագծում ամրագրվել է բռնության կամ ոտնձգության արգելքն աշխատանքային հարաբերություններում: Այս փոփոխությունը մշակելիս հաշվի են առնվել Աշխատանքի միջազգային կազմակերպության համապատասխան կոնվենցիայի սկզբունքները:
Հաջորդ բարելավումը վերաբերել է կենսաթոշակային տարիքի աշխատողներին: Գործող կարգավորումներով կենսաթոշակային տարիքի անցած քաղաքացիների հետ անորոշ ժամկետով պայմանագիր կնքել հնարավոր չէ: Այս նախագծով այդ սահմանափակումը հանվել է, ինչը հնարավորություն կտա գործատուին եւ աշխատողին փոխադարձ համաձայնության պարագայում շարունակելու աշխատանքային հարաբերությունները:
Փոփոխություններ են առաջարկվում նաեւ հանգստի իրավունքին վերաբերող հոդվածներում: Ներկա կարգավորումներով, եթե քաղաքացին դիմում չի ներկայացնում եւ չի ցանկանում արձակուրդ գնալ, ապա գործատուն նրան արձակուրդի ուղարկելու որեւէ լիազորություն չունի: Նոր կարգավորմամբ 2,5 տարի անընդմեջ, եթե աշխատողն արձակուրդի դիմում չի ներկայացնում, ապա գործատուն իրավունք է ստանում իր հայեցողությամբ ուղարկելու արձակուրդի: Նախատեսվել է տուգանք այն դեպքի համար, երբ գործատուն աշխատողին իր դիմումի համաձայն արձակուրդ չտրամադրի:
Հստակեցվել են ուսումնական արձակուրդի տրամադրման դեպքերը. աշխատողին հնարավորություն է տրվում, աշխատատեղը պահպանելով, ուսման ամբողջ ժամանակահատվածում գործատուի համաձայնությամբ ուսումնական արձակուրդ ձեւակերպել, բայց ոչ ավելի քան երկու տարի՝ օտարերկրյա ուսումնական հաստատությունում սովորելու նպատակով: Ռուբեն Սարգսյանը պարզաբանել է, որ այդ ընթացքում աշխատավարձ չի տրվելու, բայց աշխատատեղը պահպանվելու է:
Փոխնախարարի խոսքով աշխատողի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման կարգավորումները դարձել են առավել ճկուն, ինչը շահավետ է երկու կողմին էլ: Գործատուի առարկության բացակայության պայմաններում աշխատանքից ազատվելու մասին դիմումում նշված ժամկետում աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել: Ներկայումս 30 օր ժամկետ է սահմանված այդ դեպքի համար:
Գործող կարգավորումներով թույլատրվում է աշխատողին արտաժամյա աշխատանքի ներգրավել միայն օրենսգրքով նախատեսված բացառիկ դեպքերում: Առաջարկվող փոփոխությամբ գործատուին հնարավորություն է տրվում նաեւ արտաժամյա աշխատանքի ներգրավել առանց բացառիկ դեպքերի առկայության, եթե աշխատողը տվել է գրավոր համաձայնություն: Հստակեցվել են վերջնահաշվարկ չկատարելու դեպքերը:
Փոխնախարար Ռուբեն Սարգսյանը տեղեկացրել է, որ առաջարկվող փոփոխությունները քննարկվել են ԱԺ գլխադասային հանձնաժողովի, սոցիալական պաշտպանության ոլորտի գործընկերների, հասարակական կազմակերպությունների, Կառավարության տարբեր գերատեսչությունների, քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Նա հավելել է, որ Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններն այսքանով չեն սահմանափակվելու, քանի որ աշխատող-գործատու հարաբերությունները զարգանում են, եւ այս բնագավառում անընդհատ փոփոխություններ են պահանջվում:
Լսումների մասնակիցները, իրենց ելույթներում եւ հարցադրումներում արձանագրելով առաջարկվող բարեփոխումների դրական միտումը, ներկայացրել են նաեւ մի շարք առաջարկներ՝ ուղղված որոշ դրույթների առավել հստակեցմանն ու լավարկմանը: Դրանք վերաբերել են բռնության կամ ոտնձգության արգելքին վերաբերող դրույթում նաեւ ֆինանսական կախվածությունը ներառելու նպատակահարմարությանը, աշխատանքային փորձաշրջան անցնելու ժամկետներին, աշխատանքային պայմանագրի լուծմանը վերաբերող դրույթների հստակեցմանը, օրենսգրքում աշխատողի վնասի ինստիտուտին, «կամավորություն» հասկացության ներառման, աշխատավարձն աշխատողի սեփականությունը սահմանելու հնարավորությանը, արհմիությունների լիազորություններին ու իրավունքներին, գործատու-աշխատող հարաբերությունների նկատմամբ պետական վերահսկողության մեխանիզմներին եւ ոլորտային այլ հարցերի:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը, դրական գնահատելով կատարված փոփոխությունները, հետաքրքրվել է, թե պետությունն ինչպես է աջակցելու գործատուներին բարեփոխումներն իրականացնելու հարցում: Ռուբեն Սարգսյանը տեղեկացրել է, որ նախարարության, Կառավարության, ԱԺ գլխադասային հանձնաժողովի, միջազգային գործընկերների հետ համատեղ այդ ծավալուն փոփոխությունների վերաբերյալ իրազեկում է իրականացվելու:
Նշվել է, որ աշխատանքից ազատման հիմքերից կենսաթոշակային տարիքի հիմքով աշխատանքային պայմանագրի լուծման հնարավորությունը հանելը կարող է բարդ իրավիճակ ստեղծել հատկապես մասնավոր հատվածում: Հնչել է կարծիք, որ գործող ձեւակերպումը մարդու իրավունքների մասով չի խախտում ՀՀ պարտավորությունները: Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի գնահատմամբ մասնագիտական կողմնորոշման կենտրոնները պետք է նպատակային աշխատեցնել, որ երիտասարդները երազեն ոչ թե բուհում սովորելու, այլ՝ մասնագիտություն ստանալու մասին: Նշվել է, որ պետք է մեխանիզմներ մշակվեն, եւ որոշ մասնագիտությունների ու ոլորտների համար լինեն չափորոշիչներ, թե որ պարագայում պետք է կենսաթոշակային տարիք ունեցող աշխատակցին պահել, որ դեպքում՝ ոչ: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը նկատել է, որ կենսաթոշակի անցնելն իրավունք է, բայց ոչ պարտավորություն, այսինքն՝ մարդն իրավունք ունի աշխատելու նաեւ կենսաթոշակային տարիքից հետո: Անդրադարձ է եղել տարբեր հիմքերով աշխատանքի չընդունելու խտրական մոտեցումների անթույլատրելիությանը: «Բարենպաստ աշխատանքային պայմաններ ունենալն աշխատողի իրավունքն է, բայց դա առաջին հերթին բխում է գործատուի շահերից»,- նշել է պատգամավորը:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանն էլ պարզաբանել է, որ Աշխատանքային օրենսգիրքը գործատուին հնարավորություն է տալիս գնահատելու աշխատողի աշխատանքային ունակություններն ու կարողությունները: Եթե գործատուն հիմնավորում է, որ աշխատողը չի կարող այդ պաշտոնը զբաղեցնել, կարող է աշխատանքից ազատել նրան: «Հետեւաբար դա եկեք չպայմանավորենք այն հանգամանքի հետ, որ պետք է աշխատողը դառնա թոշակառու, որ գործատուն ազատի: Սա տարիք է, բայց աշխատունակության եւ գործունակության հետ կապ չունի»,- ասել է Ժորա Սարգսյանը: Նա անդրադարձել է արձակուրդների մասով կարգավորումներին, հստակեցրել, որ ցանկացած պարագայում աշխատողը չի կորցնելու իր կուտակած արձակուրդային օրերը: Աշխատողը կուտակում է արձակուրդային օրերը՝ սկսած 2005 թվականից: Կուտակված արձակուրդային օրերի տնօրինման մասով էլ զեկուցողը պարզաբանել է, որ դա տրամադրվելու է վերջնահաշվարկի ժամանակ կամ ըստ կազմված ժամանակացույցի:
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը եւ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի տեղակալը եզրափակիչ ելույթներում մի շարք վիճահարույց հարցերի առնչությամբ պարզաբանումներ են ներկայացրել՝ նշելով, որ նախագծի լրամշակման աշխատանքները դեռեւս ընթացքի մեջ են: