Ուրախ եմ, որ Ազգային ժողովրդավարության ինստիտուտը ներգրավում է երիտասարդներին խորհրդարանական աշխատանքներում: Դուք տեսնում եք մեր ամենօրյա աշխատանքը եւ կարող եք գնահատել, թե որքանով է այն արդյունավետ. նշել է ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը` Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) կողմից իրականացվող «Խորհրդարանական պրակտիկա եւ ֆելլոուշիփ 2023» ծրագրի մասնակիցների հետ հանդիպման ընթացքում:
Պատգամավորը ներկայացրել է հանձնաժողովի աշխատանքներն ու գործառույթները, անդրադարձել առանձնահատկություններին ու կարեւորությանը:
Հանդիպման ընթացքում երիտասարդները տարաբնույթ հարցեր են ուղղել հանձնաժողովի նախագահին, որոնք վերաբերել են հանձնաժողովի եւ հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքին, ինչպես նաեւ հաշմանդամություն ու առողջական տարբեր խնդիրներ ունեցող անձանց աշխատանք տրամադրելու օրենսդրական կարգավորումներին:
Անդրադարձ է եղել, մասնավորապես, «Կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքին եւ դրա կատարման ապահովման երաշխիքներին: Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ կամավորական աշխատանքի վերաբերյալ օրենսդրական աշխատանքներ նախաձեռնվել են դեռեւս 2007 թվականից, եւ այսօր աշխատանքներ են տարվում ոլորտի բացերը լրացնելու ուղղությամբ:
Մասնակիցները կարեւորել են օրենսդրական փոփոխությունների շուրջ հանձնաժողովի ակտիվ գործունեությունը եւ հանդես եկել առաջարկներով:
Նշենք, որ խորհրդարանական պրակտիկայի ծրագիրն այս տարի մեկնարկել է մարտին եւ կշարունակվի մինչեւ դեկտեմբեր:
Ծրագրի 27 խորհրդարանական պրակտիկանտները եւ ֆելլոուները ներգրավված են մի շարք խորհրդարանական ծրագրերում, այդ թվում` քաղաքացիների հետ հանդիպումներում, իրականացնում հետազոտություններ եւ վերլուծություններ, մեդիամոնիտորինգ, կազմակերպում պատգամավորների հետ համայնքային այցեր, կատարում թարգմանություններ եւ այլ աշխատանքներ:
Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից եւ իրականացվում Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) ու Ազգային ժողովի համագործակցության արդյունքում:
Հանդիպումը կայացել է հուլիսի 6-ին: