National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.7.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
07.07.2023
2023 թ. հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 12.2 տոկոս աճ. ՀՀ ֆինանսների նախարար
1 / 8

2023 թվականի հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 12.2 տոկոս աճ: Տնտեսական ակտիվության աճը հիմնականում պայմանավորված էր ծառայությունների աճով. նպաստումը` 6.6 տոկոսային կետ: Տնտեսության մյուս ճյուղերի աճերը եւս նպաստել են տնտեսական ակտիվությանը:

Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հուլիսի 7-ի արտահերթ նիստում քննարկման ներկայացնելով 2023 թվականի պետական բյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը:

Ըստ Ֆինանսների նախարարի՝ 2023 թվականի առաջին եռամսյակում հիմնական գործընկեր երկրների տնտեսություններում շարունակվել են տնտեսական աճեր դիտվել, բացառությամբ՝ Ռուսաստանի:

Նրա հավաստմամբ ապրանքների եւ ծառայությունների արտահանման իրական ծավալների աճը գնահատվում է մոտ 77.4 տոկոս՝ պայմանավորված արտաքին պահանջարկի, ինչպես նաեւ ՌԴ ներմուծման շուկաների սահմանափակման արդյունքում դեպի ՌԴ արտահանման ծավալների աճով: Հաշվետու ժամանակահատվածում ապրանքների եւ ծառայությունների ներմուծման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են շուրջ 47.4 տոկոսով:

Մշակող արդյունաբերության աճը հիմնականում պայմանավորված է եղել այլ, ոչ մետաղական հանքային, ոսկերչական, ծխախոտային արտադրատեսակների, պոլիգրաֆիական գործունեության, ինչպես նաեւ խմիչքների արտադրության ծավալների աճով:

Առեւտրի 21.0 տոկոս աճը հիմնականում պայմանավորված է եղել մեծածախ առեւտրի աճով:

Նշվել է, որ ներդրումների նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ իրական արտահայտությամբ շուրջ 11.6 տոկոս աճը պայմանավորված է մասնավոր ներդրումների աճով: Պետական ներդրումների նվազումը բացասաբար է նպաստել ընդհանուր ներդրումների աճին: Մասնավոր ներդրումների վրա դրական ազդեցություն է ունեցել հիպոտեկային եւ շինարարության վարկերի ծավալների աճը:

Տնտեսական բարձր ակտիվության պայմաններում հունվար-մարտին վարձու աշխատողների թիվը եւ աշխատավարձերն աճել են: 2023 թվականի հունվար-մարտին պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 16.4 տոկոսով՝ կազմելով 47,826 մարդ: Միեւնույն ժամանակ վարձու աշխատողների թիվն աճել է շուրջ 6.1 տոկոսով՝ կազմելով 699,239 մարդ:

Անդրադառնալով գնաճին՝ նախարարը փաստել է, որ 12-ամսյա գնաճը մարտին կազմել է 5.4 տոկոս` գտնվելով ԿԲ թիրախային միջակայքի վերին հատվածում, իսկ միջին գնաճն առաջին եռամսյակում եղել է 7.2 տոկոս: 2023 թվականի առաջին եռամսյակում ԿԲ-ն ձեռնպահ է մնացել քաղաքականության տոկոսադրույքի փոփոխություններից:

Վահե Հովհաննիսյանը նշել է, որ արտաքին ապրանքաշրջանառությունը 2023 թվականի առաջին եռամսյակում կազմել է 4248.1 մլն ԱՄՆ դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 2 անգամ: Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել են դոլարային արտահայտությամբ արտահանման եւ ներմուծման երկնիշ աճեր. արտահանումն աճել է 2.3 անգամ` կազմելով 1664.8 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը` 89.1 տոկոսով՝ կազմելով 2583.3 մլն ԱՄՆ դոլար:

Նշվել է, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 483.6 մլրդ դրամ, ծախսերը` 422.7 մլրդ դրամ, հավելուրդը՝ 60.9 մլրդ դրամ: Բյուջեի եկամուտների գծով արձանագրվել է եռամսյակային ծրագրային ցուցանիշի գերակատարում, մինչդեռ ծախսերը զիջել են ծրագրված ցուցանիշը, արդյունքում նախատեսված պակասուրդի փոխարեն արձանագրվել է հավելուրդ: Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ պետական բյուջեի եկամուտների 13.7 տոկոս (58.2 մլրդ դրամ) աճը պայմանավորված է հարկային եկամուտների աճով, իսկ ծախսերի 6.5 տոկոս (25.9 մլրդ դրամ) աճը՝ հիմնականում նպաստների, կենսաթոշակների եւ դրամաշնորհների աճով:

Նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում ստացվել են ավելի քան 483.6 մլրդ դրամ փաստացի եկամուտներ` 3.9 տոկոսով գերազանցելով եռամսյակային ճշտված ծրագրով կանխատեսված ցուցանիշը: 482.7 մլրդ դրամը կազմել են ներքին աղբյուրներից ստացված եկամուտները` ապահովելով ծրագրի 104.7 տոկոսը, 969.9 մլն դրամը ստացվել է պաշտոնական դրամաշնորհների տեսքով, որոնք 78.2 տոկոսով զիջել են ծրագրված ցուցանիշը: 2022 թվականի առաջին եռամսյակի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 13.7 տոկոսով կամ 58.2 մլրդ դրամով, որը պայմանավորված է հարկային եկամուտների աճով:

Ֆինանսների նախարարը նաեւ նշել է, որ 2023 թվականի մարտի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը նախորդ տարեվերջի համեմատությամբ դրամային արտահայտությամբ աճել է 45.6 մլրդ դրամով, իսկ դոլարային արտահայտությամբ՝ 261.7 մլն ԱՄՆ դոլարով: Դոլարային արտահայտությամբ ՀՀ պետական պարտքի աճը հիմնականում պայմանավորված է ՀՀ կառավարության պարտքի 251.7 մլն ԱՄՆ դոլարի աճով, որը գրանցվել է ներքին պարտքի աճի հաշվին:

2023 թվականի մարտի 31-ի դրությամբ ՀՀ ներքին պետական պարտքը նախորդ տարեվերջի համեմատ աճել է 97.8 մլրդ դրամով կամ 5.9 տոկոսով:

Նշվել է, որ Կառավարության սկզբնական ծրագրով 2023 թվականի առաջին եռամսյակի համար սահմանվել էր 447.0 մլրդ դրամ հարկերի ու տուրքերի ստացում: Կատարված փոփոխությունների արդյունքում 2023 թվականի առաջին եռամսյակի ճշտված ծրագիրը կազմել է 447.2 մլրդ դրամ, որի դիմաց ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 461.4 մլրդ դրամ հարկային եկամուտներ եւ պետական տուրքեր, որոնք 3.2 տոկոսով գերազանցել են առաջին եռամսյակի ծրագրային ցուցանիշը:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը պատասխանել է պատգամավորների բազմաթիվ հարցերի, որոնք առնչվել են պետական պարտքի սպասարկմանը, գործազրկությանը, պետական հատվածում աշխատավարձերի բարձրացմանն ու այլ խնդիրների:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը հետաքրքրվել է՝ ի՞նչն է պատճառը, որ հարկերն ավելի դանդաղ են հավաքագրվել, քան տնտեսական աճը եւ արդյո՞ք անհրաժեշտ է շրջանառության հարկի համակարգն օրենսդրորեն բարեփոխել: Գեւորգ Պապոյանը նաեւ հետաքրքրվել է՝ ոլորտներից եկող հարկերը ավելացե՞լ են, թե՝ ոչ:

Ի պատասխան՝ ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նշել է, որ հարկային մարմինն ապահովել է հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը: Ըստ նրա՝ 176 մլրդ դրամով ավելի հարկ է հավաքագրվել: Գերակատարումը 24.4 տոկոս է: ՊԵԿ նախագահի հավաստմամբ օրենսդրական փոփոխության արդյունքում հանվել է մետաղի տուրքը, ինչը բացասական է ազդել այդ ոլորտի հարկային ցուցանիշի վրա: Նշվել է, որ անհրաժեշտություն է առաջացել փոխել հարկերի հավաքագրման դինամիկան:

Գեւորգ Պապոյանը փաստել է, որ արձանագրված թվերը հուշում են ոլորտներում աշխատելու ուղղությունները: Նա անդրադարձել է նաեւ գրանցված շեղումներին:

ՀՀ ֆինանսների նախարարը, անդրադառնալով շրջանառության հարկատեսակին, փաստել է, որ առաջիկայում նախատեսվում են օրենսդրական փոփոխություններ, որոնք կնպաստեն հարկատեսակի համակարգի զարգացմանը:

Որոշակի խնդիրների առնչությամբ պարզաբանումներ են ներկայացրել ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը, ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը եւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:


07.07.2023
Քննարկվել է ԱԺ բյուջետային գրասենյակի հաշվետվությունը 2023 թ. երկրորդ եռամսյակում կատարած աշխատանքների վերաբերյալ
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գեւորգ Պապոյանի նախագահությամբ հուլիսի 7-ի արտահերթ նիստում քննարկել եւ ի գիտություն է ընդունել ԱԺ բյուջետային գրասենյակի 2023 թվականի երկրորդ եռամսյակի հաշվետվությունը՝ կատարած աշխատանքների վերաբերյալ: Ըստ Բյուջետային գրասենյակի համակար...

07.07.2023
Նախատեսվում է իրավական կարգավիճակ տալ երկու կազմակերպությունների
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 7-ի արտահերթ նիստում քննարկել է ««Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն (ԳՄՀԸ/GIZ) ՍՊԸ-ի եւ վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ/KFW) տեղական գրասենյակներ հիմնելու վերաբերյալ» հայտագրերի փոխանակման ձեւով կնքված համաձայն...

07.07.2023
Առաջարկվող օրենսդրական նախաձեռնությամբ հնարավոր կլինի առավել արդյունավետ պայքարել խաղամոլության աճի դեմ
Մեր օրերում խաղամոլության տարածումը շարունակվում է, եւ խաղամոլությամբ տարված մարդիկ անընդհատ ինչ-որ նոր եղանակներ են փնտրում խաղալու համար: Նախորդ օրենսդրական կարգավորումներից մեկով անկանխիկ եղանակով, այսինքն` բանկային հաշիվների միջոցով, խաղադրույք իրականացնելու հնարավորություն էր տրվել, որով կապահո...

07.07.2023
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am