««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների եւ առկա իրավական անհամապատասխանությունները վերացնելու անհրաժեշտությամբ:
Այս մասին ասել է ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը` հուլիսի 13-ի ԱԺ արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով օրենսդրական փաթեթը:
Ըստ նրա` անհրաժեշտություն է առաջացել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի դրույթները տարածել նաեւ փամփուշտների, ինչպես նաեւ հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի շրջանառության վրա, քանի որ գործող կարգավորումներով փամփուշտներին եւ հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերին վերաբերող դրույթներ որոշ հոդվածներից բացակայում են, ինչը խոչընդոտներ է առաջացնում իրավակիրառ պրակտիկայում:
Փոխնախարարի հավաստմամբ առաջին անգամ քաղաքացիական հրազեն ձեռք բերող քաղաքացինների համար նախատեսված է պարտականություն` Կառավարության երաշխավորած ռազմամարզական հասարակական կազմակերպություններից մեկում հանձնել զենքի հետ կապված եւ անվտանգության կանոնների իմացության տեսական եւ գործնական քննություններ, մինչդեռ դեռեւս նման կազմակերպություններ չկան: Ուստի նշված քննությունների անցկացումը կազմակերպելու համար նախատեսվում է դրանք իրականացնել ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով:
Նշվել է, որ օրենքից հանվում են ռազմամարզական կազմակերպություններին վերաբերող դրույթները, քանի որ վերջիններիս կարգավորումները նախատեսվում է սահմանել ոլորտը կարգավորող առանձին օրենսդրությամբ:
Արփինե Սարգսյանը փաստել է, որ ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով անհրաժեշտություն է առաջացել սահմանել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքով նախատեսված լիցենզիաներ եւ թույլտվություններ տալու եւ դրանց գործողության ժամկետները երկարաձգելու համար պետական տուրքի նոր դրույքաչափեր, որոնք դուրս են մնացել օրենքից եւ որը բխելու է նույն այդ օրենքից:
ՆԳ նախարարի տեղակալը կարեւորել է նաեւ այն դրույթը, որով ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի սպայական կազմի զինծառայողներին սպայական դաշույնով պարգեւատրելու իրավունք է վերապահվում ՀՀ պաշտպանության նախարարին` «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքով սահմանված կարգով:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը բարձրաձայնել է, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո անհրաժեշտ է իրականացնել մշտադիտարկում` գործնականում ինչ արդյունավետ արդյունքներ են արձանագրվել:
Խորհրդարանն ընդունել է օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ: