Հայաստանում բարեգործության ոլորտի բարեփոխումներին, հասարակական կազմակերպություններին, ինչպես նաեւ աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային հարթակ տեղափոխման օրենսդրական նախագծին առնչվող հարցերը դեկտեմբերի 11-ին քննարկել են ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, հանձնաժողովի անդամներ Զարուհի Բաթոյանը, Գայանե Եղիազարյանը, Լիլիթ Ստեփանյանը, Մարիամ Պողոսյանը եւ Ամերիկայի առեւտրի պալատը Հայաստանում (AmCham) կազմակերպության ներկայացուցիչները:
Քննարկման մասնակիցներն անդրադարձել են ՀՀ աշխատանքային օրենսգրքում նախատեսվող փոփոխությանը, որը վերաբերում է աշխատանքային պայմանագրերին, ինչն առաջարկվում է կնքել էլեկտրոնային տարբերակով: Նախաձեռնությունը քննարկվել եւ մշակվել է մի շարք գերատեսչությունների հետ համատեղ: Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի խոսքով օրենսդրական նախաձեռնության ընդունումն ավելի տեսանելի եւ թափանցիկ կդարձնի գործատու-աշխատող հարաբերությունների առկայությունը եւ կնվազեցնի թաքնված աշխատուժի ռիսկերը: Այն նաեւ հնարավորություն կտա ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին (ԱԱՏՄ) ավելի պարզ գործիքակազմով ստուգել գործատուի մոտ աշխատանքային հարաբերությունների առկայությունը կամ բացակայությունը:
Քննարկման մասնակիցները նշել են այն փաստը, որ ոչ բոլոր գործատուները կամ աշխատանք փնտրող քաղաքացիներն ունեն էլեկտրոնային ստորագրության հնարավորություն:
«Այս պահին պետք է հասկանալ՝ արդյո՞ք պետությունը հնարավորություն ունի իրականացնել էլեկտրոնային ստորագրության պատշաճ ապահովում բոլոր քաղաքացիների համար»,- ասել է Հերիքնազ Տիգրանյանը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ բարեգործական ծրագրերի հետ կապված խնդիրներին: Նշվել է, որ այն ձեւակերպումը, որն առկա է «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում եւ այն կարգավորումները, որոնք կան Հարկային օրենսգրքում, չեն նպաստում կազմակերպությունների կողմից բարեգործական ծրագրերի իրականացմանը:
Ընդգծվել է, որ ոչ թե կազմակերպությունն է ճանաչվում բարեգործական, այլ՝ ծրագիրը, որն իրականացնում է տվյալ կազմակերպությունը՝ Կառավարության համապատասխան հանձնաժողովի կողմից: Գործընթացը բավականին ժամանակատար է, մինչդեռ բարեգործական ծրագիրը ենթադրում է որոշակի հրատապություն:
Անդրադարձ է կատարվել նաեւ դրամաշնորհով ստացված միջոցների՝ օրենքով սահմանված շեմն անցնելու խնդրին, ըստ որի՝ հասարակական կազմակերպությունը պարտավորվում է ավելացված արժեքի հարկ վճարել:
Նշվել է, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ «դրամաշնորհ» եզրույթը: Առաջարկներ են հնչել հետեւել մեր տարածաշրջանի երկրների օրինակին եւ ընդունել առանձին իրավական ակտ, որը կսահմանի, թե ինչ է դրամաշնորհը: Դա հնարավորություն կտա դրամաշնորհների շրջանակում իրականացվող ծրագրերն ավելի դյուրացված մեխանիզմով ճանաչել բարեգործական:
Դաշտը բարելավելու նպատակով պատգամավորները պատրաստակամություն են հայտնել կազմակերպել աշխատանքային քննարկում շահագրգիռ կողմերի, օրենսդիրի եւ գործադիրի ներկայացուցիչների մասնակցությամբ: