National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.12.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
12.12.2023
27 տարին լրացած եւ պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն կտրվի օգտակար լինել պետությանը ծառայությամբ կամ գումար վճարելով. Հայկ Սարգսյան
1 / 5

Առաջարկվող օրենսդրական փաթեթով նախատեսվում է 27 տարին լրացած եւ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ անցնելու զինվորական ծառայություն՝ միաժամանակ ՀՀ պետական բյուջե վճարելով համապատասխան գումարներ, կամ առանց զինվորական ծառայություն անցնելու, պետական բյուջե վճարելով համապատասխան գումար՝ նշված բոլոր դեպքերում ազատվելով քրեական պատասխանատվությունից:

Պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է դեկտեմբերի 12-ի ԱԺ արտահերթ նիստում:

«Գործող կարգավորումներով 27 տարին լրացած եւ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիները ենթակա են դատապարտման: Նրանք որեւէ տարբերակով չեն կարող ազատվել քրեական հետապնդումից, մեծ ցանկության դեպքում անգամ չեն կարող ծառայել, քանի որ համարվում են զինվորական ծառայության սահմանային տարիքն անցած»,- ասել է Հայկ Սարգսյանը՝ մանրամասն ներկայացնելով օրենքների նախագծերի փաթեթը: Մասնավորապես, 27-37 տարեկան քաղաքացուն հնարավորություն է տրվում զինվորական ծառայություն անցնել 24 ամիս ժամկետով կամ 12 ամիս ժամկետով՝ ՀՀ պետական բյուջե վճարելով 2.500.000 ՀՀ դրամ: Նախագծով առաջարկվող երրորդ տարբերակը 6 ամիս ժամկետով ծառայությունն է, որի պարագայում ՀՀ պետական բյուջե պետք է վճարել 5.000.000 ՀՀ դրամ: Մեկ ամիս ժամկետով զինվորական ծառայության ընտրության դեպքում ՀՀ պետական բյուջե պետք է վճարել 10.000.000 ՀՀ դրամ: Իսկ զինվորական ծառայության փոխարեն, ըստ առաջարկվող նախագծի, քաղաքացին կարող է ՀՀ պետական բյուջե վճարել 15.000.000 ՀՀ դրամ:

Ներկայացնելով նախկին օրենսդրական կարգավորումները՝ Հայկ Սարգսյանը նշել է, որ այսօր բանակում չծառայելու համար հետախուզման մեջ է գտնվում ավելի քան 10 հազար քաղաքացի, որոնցից շուրջ հինգ հազարի 27 տարին լրացել է: Օրենսդրական նախաձեռնության նպատակն է ընձեռել այս անձանց  հնարավորություն օգտակար լինել իրենց պետությանը ծառայությամբ եւ (կամ) գումար վճարելով՝ դատապարտվելու եւ պետության համար բեռ դառնալու փոխարեն:

Նախագծով առաջարկվող կարգավորումների կիրառմամբ, ըստ հիմնական զեկուցողի, բազմաթիվ քաղաքացիներ կվերադառնան հայրենիք, Հայաստանի զինված ուժերը կհամալրվեն հայրենադարձ քաղաքացիներով, եւ լրացուցիչ ֆինանսական միջոցներ կմուտքագրվեն պետական բյուջե: Հայկ Սարգսյանի կարծիքով  բազմաթիվ երիտասարդներ՝ շատերն ընտանիքներով, կվերադառնան հայրենիք մշտական բնակության՝ իրենց հետ բերելով օտարերկրյա պետություններում  կուտակած ֆինանսական միջոցները, որոնց հաշվին կկատարվեն ներդրումներ, կներգրավվեն աշխատանքում, ինչպես նաեւ  կստեղծվեն նոր աշխատատեղեր:

«Առաջարկվող հաջորդ կարգավորմամբ հնարավորություն կտրվի շտկել  մի կողմից` ՀՀ-ում ծնված կամ մինչեւ 27 տարին լրանալը ՀՀ քաղաքացիություն ստացող անձանց եւ մյուս կողմից՝ 27 տարեկանից հետո ՀՀ քաղաքացիություն ստացող անձանց միջեւ առկա անհավասարությունը՝ կապված այն հանգամանքի հետ, որ գործող իրավակարգավորումների համաձայն՝ ՀՀ-ում ծնված կամ մինչեւ 27 տարին լրանալը ՀՀ քաղաքացիություն ստացող անձինք պարտավոր են անցնելու  2 տարի ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն, իսկ 27 տարին լրանալուց հետո ՀՀ քաղաքացիություն ստացող անձինք այդպիսի պարտավորություն չունեն»,- մանրամասնել է նախագծի հեղինակը:

Նախագծի ընդունման դեպքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա կլինեն նաեւ 27 տարին լրանալուց հետո օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած արական սեռի քաղաքացիները: Ընդ որում, նրանք կարող են 12 ամիս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնել ՀՀ զինված ուժերում կամ ՀՀ պետական բյուջե վճարել 2.500.000 ՀՀ դրամ եւ ազատվել զինվորական ծառայությունից:

Հայկ Սարգսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Նա ընդգծել է, որ օրենքը տարածվում է այն անձանց նկատմամբ, ում 25 տարին լրացած կլինի օրենքի ընդունման պահին: «Այսինքն՝ այն մտավախությունը, որ այսօր 18 տարեկան անձինք կլքեն երկիրը, որ 27 տարեկանում օգտվեն օրենքի ընձեռած հնարավորությունից, չի համապատասխանում իրականությանը»,- նշել է օրենսդրական նախաձեռնության  հեղինակը:

Հարակից զեկուցող, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը նշել է, որ հանձնաժողովում նախագծի վերաբերյալ ծավալուն քննարկումներ են տեղի ունեցել: Անդրադառնալով հնչող մտահոգություններին՝ պատգամավորը նշել է, որ տարբեր ժամանակներում արական սեռի ՀՀ քաղաքացիները լքել են Հայաստանը եւ սպասել այնքան, մինչեւ 27 տարին լրանա, որից հետո նրանք այլեւս չեն կարող ծառայել Զինված ուժերում: Նրա խոսքով օրինագծով որոշակիորեն ինստիտուցիոնալ լուծում կտրվի մի շարք հարցերի: Հարակից զեկուցողի գնահատմամբ օբյեկտիվորեն նախագծով շատ ավելի լավ լուծումներ են առաջարկվում, քան եղել է մինչեւ այս:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը նշել է, որ Կառավարությունը որոշակի առաջարկություններ է ներկայացրել նախագիծը լրամշակելու նպատակով: Մասնավորապես, առաջարկվել է ձեռնպահ մնալ 27 տարին լրանալուց հետո քաղաքացիություն ձեռք բերած քաղաքացիների մասով 12 ամիս ժամկետով պարտադիր զինծառայություն անցնելու պարտականություն սահմանելուց՝ հաշվի առնելով քաղաքացիություն ստանալու գործընթացին հնարավոր խոչընդոտելու հանգամանքը: 18-27 տարեկան զինծառայությունից խուսափած քաղաքացիների համար առաջարկվում է ավելացնել 27 տարեկանից հետո ծառայության ժամկետները. 24 ամիսը փոխարինելով 30 ամսով, 12 ամիսը՝ 15-ով, 6 ամիսը՝ 7 ամիս 15 օրով: Առաջարկվել է նաեւ հստակեցնել 27 տարին լրանալուց հետո զինվորական հաշվառման վերցնելու դեպքերը: Ներկայացվել են նաեւ մի շարք տեխնիկական բնույթի փոփոխություններ:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթում խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նշել է, որ նախագիծը որոշակի ժամանակավրեպություն ունի, եւ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կքննարկեն եւ կհանգեն եզրակացության:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշել է, որ նախագիծը պայքարում է հետեւանքների վերացման դեմ: Նա առաջարկել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում պատգամավորների եւ Կառավարության գործընկերների հետ իրականացնել համապարփակ քննարկում՝ անդրադառնալով հնչեցրած հարցադրումներին:

Եզրափակիչ ելույթում Հայկ Սարգսյանը պատասխանել է բոլոր հարցադրումներին՝ նշելով, որ օրենքի հավանական շահառու քաղաքացիներին ծառայելու հնարավորություն պետք է տրվի:

Օրենքների նախագծերի փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ:


12.12.2023
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենքի նախագծին
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 12-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: «Նախագծի կարգավորման առարկան գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության ծրագրերից օ...

12.12.2023
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան դեկտեմբերի 13-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն- 11:40-12:00: ...

12.12.2023
Հավաստագրեր են հանձնվել «Աշնանային դպրոց» դասընթացների մասնակիցներին
Մենք բարձր ենք գնահատում Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից ԱԺ-ի համար իրականացվող ծրագրերը: Համատեղ իրականացվող ծրագրերը լավ արդյունք են տալիս խորհրդարանի աշխատակազմի կարողությունների եւ հմտությունների զարգացման տեսանկյունից. ասել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը դ...

12.12.2023
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

12.12.2023
Գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության ծրագրերից օգտվող տնտեսվարողների համար ավելի նպաստավոր հարկային միջավայր կձեւավորվի
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում նախատեսող օրինագծի նպատակը գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության ծրագրերից օգտվող տնտեսվարող սուբյեկտների համար ավելի նպաստավոր հարկային միջավայրի ձեւավորումն է: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոս...

12.12.2023
Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել
Ազգային ժողովը ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 12-ին արտահերթ նիստ է գումարել`  օրակարգում ունենալով երեք օրենսդրական նախաձեռնություն: Օրակարգում ընդգրկված «Հայաստանի Հանրապետության...

12.12.2023
Համաձայնագրով նախատեսվում է 50 մլն եվրոյի չափով վարկ տրամադրել Հայաստանի Հանրապետությանը
Հայաստանի Հանրապետության եւ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի հոկտեմբերի 3-ին եւ 23-ին: Համաձայնագրով նախատեսվում է 50 մլն եվրոյի չափով վարկ տրամադրել Հայաստանի Հանրապետությանը: «Գումարներն ...

12.12.2023
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am