ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 12-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
«Նախագծի կարգավորման առարկան գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության ծրագրերից օգտվող տնտեսվարող սուբյեկտների հարկային միջավայրի բարելավումն է», - ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: Նա հավելել է, որ ներկա կարգավորումների պարագայում նշված սուբյեկտները որպես իրենց կատարած ծախսերի փոխհատուցում պետությունից ստանում են միանվագ գումարներ, այդ գումարները որպես անհատույց ստացված դրամական միջոցներ ստացման տարվա ընթացքում ամբողջությամբ համարվում են շահութահարկով հարկման միջոցով ստացված եկամուտ:
Փոխնախարարի տեղեկացմամբ առաջարկները եղել են գյուղատնտեսության ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտներից եւ ոլորտային միություններից:
Հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանի տեղեկացմամբ պատգամավորների կողմից նախագծի վերաբերյալ առաջին ընթերցումից հետո առաջարկներ չեն եղել:
Օրենսդրական նախաձեռնությանը հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն: