National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.6.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
12.06.2024
2023 թ. ՀՀ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ եզրակացություններ են ներկայացրել հարակից զեկուցողները
1 / 4

2023 թվականի բյուջեի կատարման մասին հաշվետվության վերաբերյալ հարակից ելույթում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը կարեւորել է բյուջեի կատարման արդյունքները նկարագրող մի քանի հիմնական ցուցանիշներ. բյուջեի եկամուտներն ու ծախսերն ապահովվել են համապատասխանաբար՝ 100,1 եւ 97,1 տոկոսներով:  Ծրագրված 7 տոկոս տնտեսական աճի փոխարեն ապահովվել է 8,7 տոկոս տնտեսական աճ: ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով կազմել է 8 168 ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 22,6 տոկոսով: Նշվել է, որ հաշվետու ժամանակաշրջանում նախորդ տարվա համեմատ ավելացել է մոտ 200 հազար աշխատատեղ: Ծովինար Վարդանյանի խոսքով ԼՂ ավելի քան 100 հազար հայրենակիցների բռնի տեղահանումն էական ազդեցություն է ունեցել բյուջեի թե՛ ծրագրերի եւ թե՛ ֆինանսական բաշխվածության վրա: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ Կառավարությանը հաջողվել է առանց վրանային ճամբարների ապահովել մեր հայրենակիցներին կացարաններով եւ հոգալ առաջնային կարիքները. հասցեագրել առողջապահական խնդիրները, ստեղծել հնարավորություն երեխաների կրթության շարունակականությունն ապահովելու համար, ինչպես նաեւ լուծումներ տալ զբաղվածության եւ այլ հարցերի ուղղությամբ: Շնորհակալություն հայտնելով Կառավարության գործընկերներին հաշվետու ժամանակաշրջանում կատարված աշխատանքների եւ հաշվետվության շուրջ բովանդակային քննարկումների համար՝ Ծովինար Վարդանյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել 2023 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությանը:

Հարակից զեկույցով ելույթ է ունեցել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նա նշել է, որ ՆԳ նախարարությունը բյուջետային տարվա ընթացքում իր ծախսային մասն իրացրել է 98.4 տոկոսով: «Դրանում եղել են կատարողականի փոքրիկ թերացումներ, բայց ես, ինչպես միշտ, մեր կողմից գաղտնալսման իրավասությունը շնորհելու պահից սկսած, ՆԳ նախարարության բյուջետային տարվա քննարկումների հետ մեկտեղ միշտ հիշեցնում եմ, որ օրենքը կա, բայց կառույցն առայժմ բացակայում է: Կխնդրեմ, որ Կառավարության անդամներն ուշադրություն դարձնեն, որովհետեւ այդ գործիքակազմն ավելի հնարավորություն կտար կանխարգելելու այն բոլոր գործողությունները, որոնք ապօրինի կարող են պլանավորվել եւ մեր երկիրը տանեն դեպի ներքին ցնցումների»,- ասել է հանձնաժողովի նախագահը: Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ Ազգային անվտանգության ծառայության կատարողականը հաշվետու տարում կատարվել է 99.22 տոկոսով:

Որոշակի թերակատարումներ են արձանագրվել ռազմական արդյունաբերության ոլորտում, որոնց պատճառները ներկայացվել են հանձնաժողովի անդամներին:

«Կառավարությունը 2023 թվականի պետական բյուջեն անվտանգության մասով կատարել է հավուր պատշաճի»,- ամփոփելով ելույթը՝ ասել է Անդրանիկ Քոչարյանը:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է, որ թե՛ ծախսերի եւ թե՛ եկամուտների առումով Կառավարությանը հաջողվել է ապահովել իր առջեւ դրված թիրախային ցուցանիշները:

Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ հաշվետու տարում արձանագրվել է հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ավելացում՝ ընդգծելով, որ բարելավումը տեղի է ունեցել առանց միջին դրույքաչափերի ավելացման: «Մեր ընդունած օրենքների արդյունքում հարկային բեռը նվազել է: Արձանագրված հարկային մուտքերի ավելացումն ու հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավումը պայմանավորված է վարչարարության բարելավմամբ եւ տնտեսության մեջ որոշ կառուցվածքային կամ իրավիճակային փոփոխություններով»,- նշել է, Բաբկեն Թունյանը՝ հավելելով, որ ստվերի դեմ պայքարը շարունակելու է մնալ Կառավարության ուշադրության կենտրոնում:

Հանձնաժողովի նախագահի տեղակալը, խոսելով պետական հատվածի աշխատավարձերի, կադրերի՝ դեպի մասնավոր հատված արտահոսքի մասին, ընդգծել է, որ առաջիկայում այս խնդրին արմատապես պետք է անդրադառնալ եւ գտնել հավասարակշռված այնպիսի լուծում, որպեսզի ապահովվի պետական հատվածում աշխատելու գրավչությունը:
 
Արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: ԱԺ փոխնախագահն անդրադարձել է ռազմարդյունաբերության ոլորտում Կառավարության ջանքերին` նշելով, որ մեծաթիվ եւ որակական ներդրումներն իրենց արդյունքն են տվել: Հակոբ Արշակյանը կարեւորել է ՀՀ վարչապետի ուղիղ հանձնարարականը եւ առաջնորդությունը` ռազմարդյունաբերական զարգացած երկիր ունենալու հարցում: Ըստ զեկուցողի` ոլորտում շարունակական զարգացում ապահովելու տեսանկյունից անհրաժեշտ է նոր ջանքերի գործադրում:

ԱԺ փոխնախագահը խոսել է նաեւ երկրում ենթակառուցվածքների զարգացման կարեւորության մասին: «Հայաստանի ինքնիշխանության, անկախության եւ անկախ զարգացման համար ամենակարեւոր ուղղություններից է ենթակառուցվածքների զարգացումը»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը: Նրա գնահատմամբ ներկայումս Հայաստանում ճանապարհների որակական ցուցանիշները տասնյակ անգամներով ավելի բարձր են:

ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաեւ գիտելիքահեն ենթակառուցվածքների զարգացմանը:

ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումները կշարունակվեն հունիսի 13-ի ԱԺ նիստում: 

 


12.06.2024
ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների առկա մի քանի խնդիրներ կստանան համապատասխան լուծումներ
«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պե...

12.06.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

12.06.2024
Կառավարության անդամները խոսել են 2023 թ. պետբյուջեի կատարողականի մասին
2023 թվականի ՀՀ կառավարության դժվարին մարտահրավերներից էին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական աջակցության հարցերը: Այս ուղղությամբ ֆինանսական հատկացումները  եղել են 2023 թվականի պետբյուջեի կարեւոր հարցերից մեկը: Բռնի տեղահանվածների հետ կապված հումանիտար եւ սոցիալակ...

12.06.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի հունիսի 12-ին` ժամը 16:00-ին, 314 սրահում:...

12.06.2024
Խորհրդարանը սկսել է ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը
2023 թվականի ընթացքում ապահովվել է 2 տրիլիոն 222 մլրդ դրամի հարկային եկամուտների ցուցանիշ, որը կազմել է համախառն ներքին արդյունքի 23.9 տոկոսը: Եկամուտների անվանական մակարդակը կամ հավաքված հարկերի բացարձակ թիվն ինքնին ոչինչ չի նշանակում, դրա համար մենք այն դիտարկում ենք եւ մեր բոլորի կողմից անցյալ տա...

12.06.2024
Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
Հունիսի 12-ին Ազգային ժողովը շարունակել է Կառավարության հեղինակած «Ոստիկանության գվարդիայի մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթում խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն անդրադարձել է ներկայում ոստիկանության կողմից հավաքների խ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am