National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.6.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
15.06.2024
Տեղի է ունեցել Խորհրդարանական աջակցության գործընկերների համակարգման հերթական ժողովը
1 / 20

ԱԺ աշխատակազմի նախաձեռնությամբ հունիսի 15-ին Ծաղկաձորում տեղի է ունեցել Խորհրդարանական աջակցության գործընկերների համակարգման արտագնա հերթական ժողովը:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը ողջույնի խոսքում նշել է, որ նման շփումները համատեղ արդյունավետ աշխատանքի գրավականն են: Նա շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին եւ Հայաստանում Կանադայի արտակարգ ու լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին հանդիպումներին մասնակցելու պատրաստակամության համար: Դավիթ Առաքելյանը բարձր է գնահատել  դեսպանի անձնական ներդրումը ՀՀ ԱԺ-Կանադայի խորհրդարանական կենտրոնի համագործակցության շարունակականության ապահովման հարցում եւ հույս հայտնել, որ այս տարի Երեւանում կբացվի կենտրոնի հայաստանյան գրասենյակը:

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը ողջունել է նոր գործընկերներին, որոնք ներկայացնում են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից ֆինանսավորվող Հայաստանի բարեվարքության եւ Հայաստանի հանրային կառավարման ֆինանսական ծրագրերը: «Մեծապես կարեւորում ենք կայուն զարգացող մեր հարաբերությունները, ցանկանում դրանք հեռանկարների նախագծման տեսանկյունից դարձնել ինստիտուցիոնալ  եւ կանխատեսելի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի գործընկերներից շատերը սկսում են իրենց ծրագրերի նոր փուլը՝ կցանկանայինք լսել հաջորդ տարվա նախատեսվող ծրագրերի շրջանակը, որպեսզի մեր համագործակցությունը նպատակների եւ ակնկալվող արդյունքների նախագծման տեսանկյունից լինի առավել արդյունավետ»,- ասել է Դավիթ Առաքելյանը:

Հայաստանում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էնդրյու Թըրները նշել է, որ Հայաստանում Կանադայի դեսպանատան բացումն ավելի լայն հնարավորություններ է տալիս համագործակցության համար: Նա նշել է, որ իր երկիրը ժողովրդավարության ամրապնդման, ՀՀ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարցերում Հայաստանին աջակցելու ցանկություն ունի:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանն ընդգծել է, որ շուրջ երկու տարի Ազգային ժողովը խորհրդարանական աջակցության գործընկերների հետ պարբերաբար հանդիպումներ է ունենում, որոնց ընթացքում քննարկվում են նախորդ կիսամյակի աշխատանքներն ու ձեռք բերված արդյունքները, ներկայացվում են հաջորդ կիսամյակի  ծրագրերը: «Սա շատ կարեւոր հարթակ է հաշվետվության եւ կայուն զարգացման առումով: Սա նաեւ շատ կարեւոր աշխատանք է  համացանցի (network)  տեսանկյունից, քանի որ դրա արդյունքում ԱԺ աշխատակազմն իր գործունեության ընթացքում համագործակցում է միջազգային գործընկերների հետ եւ ունենում բավականին տեսանելի արդյունքներ»,- ասել է Հեղինե Խաչիկյանը:

ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը մանրամասն ներկայացրել է 2024 թվականի առաջին կիսամյակում գործընկերների հետ համատեղ իրականացրած աշխատանքը, նշել, որ արդյունքային ցուցանիշների տեսանկյունից բավականին լուրջ ձեռքբերումներ են գրանցվել: Նա անդրադարձել է նաեւ ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակի ծրագրերին:

Արդյունքային ցուցանիշների մասին են խոսել նաեւ խորհրդարանական աջակցության գործընկերները` ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանանակից խորհրդարան» ծրագրի (UNDP MAP 2.0), Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI), Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI), Կանադական խորհրդարանականը կենտրոնի (Parliamentary centre (Canada)) ներկայացուցիչները: Քննարկումներ են ծավալվել յուրաքանչյուր գործընկերոջ մանդատի եւ հետագա համագործակցության ուղիների վերաբերյալ:

Ժողովի մասնակիցներին համառոտ ներկայացվել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի հետ նոր համագործակցող երկու ծրագրերը: Հայաստանի բարեվարքության ծրագրի նպատակն է նվազեցնել կոռուպցիայի հնարավորությունները եւ ամրապնդել Հայաստանում բարելավված կառավարման ու հաշվետվողականության հանրային պահանջը` կոռուպցիայի կանխարգելման հաստատությունների եւ բարեվարքության համակարգերի ամրապնդման, կոռուպցիայի կանխարգելման որոշակի իրավական-օրենսդրական միջոցների կիրարկմանն աջակցելու եւ կոլեկտիվ գործողության մոտեցման կիրառմանը նպաստելու միջոցով:

Խոսվել է նաեւ հաջորդ` Հայաստանի հանրային կառավարման ֆինանսավորման ծրագրի մասին, որի հիմնական նպատակն է աջակցել ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին, ինչպես նաեւ ԱԺ բյուջետային գրասենյակին` պետական բյուջեի գործընթացների տարբեր փուլերում:

Հանդիպման ընթացքում նախագծվել են նաեւ 2025 թվականի համագործակցության ուղիները միջազգային խորհրդարանական գործընկերների հետ` շեշտադրելով ԱԺ աշխատակազմի գործունեության առաջնահերթությունները եւ կարիքները:

Մասնակիցները բարձր են գնահատել նման հանդիպումների կարեւորությունը` շեշտադրելով, որ նման հարթակը հնարավորություն է ստեղծում ամրապնդելու համագործակցությունն ԱԺ աշխատակազմի հետ, ավելի խորացնելու գործող ծրագրերը` հիմնված ԱԺ աշխատակազմի կարիքների վրա: Հաջորդ հանդիպումը նախատեսվում է իրականացնել ընթացիկ տարվա ավարտին:


15.06.2024
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հունիսի 15-ին մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին: Նիստի սկզբում հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը հանդես է եկել տարեկան զեկույցով՝ ներկայացնե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am