Մարտի 2-ին ԱԺ 60 պատգամավորների նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ազգային ժողովի արտահերթ նիստ` քննարկելու Ազգային ժողովի հայտարարության նախագիծը մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ: Այն ներկայացրեց ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Անհանգստություն հայտնելով տեղի ունեցած իրադարձությունների
կապակցությամբ, դատապարտելով`
-մարտի 1-ին մայրաքաղաքում խժդժությունների հրահրումը հայտնի ուժերի կողմից, որի արդյունքում վնասվածքներ են ստացել մի քանի տասնյակ քաղաքացիներ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, իսկ մայրաքաղաքը կրել է զգալի բարոյական եւ նյութական վնաս,
-ատելության եւ չարության քարոզչությունը քաղաքական գործընթացներում,
-երկրի կայունությունը, միջազգային վարկը եւ ազգային միասնությունը խաթարող ցանկացած գործողություն,
կարեւորելով`
-մայրաքաղաքում կարգուկանոնի վերահաստատումը, բնականոն կյանքի վերականգնումը,
- մարդկանց կյանքին ու գույքին սպառնացող վտանգի չեզոքացումը,
- քաղաքական խնդիրների լուծումը երկխոսության հիման վրա,
- իրավական, մասնավորապես ընտրական գործընթացներին վերաբերող խնդիրների լուծումը երկրի Սահմանադրությանն ու օրենսդրությանը համապատասխան,
- հանդուրժողականության հարգումը` որպես հասարակության մեջ պառակտումների բացառման հիմք,
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը`
- անհրաժեշտ եւ իրավաչափ է համարում Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թ. մարտի 1-ի հրամանագիրը` արտակարգ դրություն հայտարարելու մասին,
- զսպվածության եւ ողջամտության կոչ է անում մեր քաղաքացիներին այս բարդ իրավիճակը հնարավորինս արագորեն հաղթահարելու, երկիրը բնականոն ընթացքի վերադարձնելու համար:
Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը քվեարկության դրեց ԱԺ հայտարարության նախագիծը, որը միաձայն ընդունեցին ԱԺ արտահերթ նիստին ներկա 81 պատգամավորները:
Սպառելով օրակարգը` ԱԺ արտահերթ նիստն ավարտեց աշխատանքը: