Մարտի 17-ին Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերն սկսվեցին երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ԱԺ որոշման նախագծի եւ քառօրյա նիստերի օրակարգի հաստատումով: Այնուհետեւ ԱԺ
պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ նիստում քննարկված 20 օրենքի նախագծեր եւ վավերացրին միջազգային 1 պայմանագիր:
Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը տեղեկացրեց, որ Ազգային ժողովի վեց տասնյակ պատգամավորների նախաձեռնությամբ 2008 թ. մարտի 17-ին ժամը 18.30-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` երկու ընթերցմամբ քննարկելու «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:
Քննարկվեց «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը: Բանախոսի գնահատմամբ` առաջարկվող փոփոխությունների նպատակը գործող օրենքը Սահմանադրության պահանջներին համապատասխանեցնելն է: Նախատեսվում է, որ պաշտոնաթողությունից հետո Հայաստանի Հանրապետության նախագահի համար, բացառությամբ, այն դեպքերի, երբ նա պաշտոնանկ է արվում, նշանակվում է հատուկ կենսաթոշակ` ՀՀ նախագահի` օրենքով սահմանված աշխատավարձի 80 տոկոսի չափով: Նշված հատուկ կենսաթոշակը չի վճարվում այն ամբողջ ժամանակահատվածում, որի ընթացքում պաշտոնաթող նախագահը վարում է որեւէ ընտրովի կամ նշանակովի պաշտոն եւ ստանում է ՀՀ նախագահի` օրենքով սահմանված աշխատավարձի 80 տոկոսի չափը գերազանցող վարձատրություն, իսկ այդ չափից ցածր լինելու դեպքում նա ստանում է նշված հատուկ կենսաթոշակի եւ աշխատավարձի տարբերությունը: ՀՀ կառավարությունը ՀՀ պաշտոնաթող նախագահին ապահովում է բնակարանով, ավտոտրանսպորտով, ինչպես նաեւ պաշտոնաթող նախագահի ցանկությամբ` կահավորված գրասենյակով: Բնակարանը տրամադրվում է սեփականության
իրավունքով, իսկ ավտոտրանսպորտը` ցմահ օգտագործման: ՀՀ պաշտոնաթող նախագահի գրասենյակի գործունեության ֆինանսավորումը իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Գրասենյակի համար նախատեսվում է առավելագույնը երեք հաստիքային միավոր, որոնք ընդգրկվում են ՀՀ նախագահի աշխատակազմի հաստիքացուցակում: Պաշտոնաթող նախագահի` այլ երկրներ կատարվող ճանապարհորդության ծախսերը (տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ) հատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահին տրամադրվում է նաեւ անձնական ցմահ պետական պահպանություն:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական տեսակետը քննարկվող հարցի վերաբերյալ ներկայացրեց ԱԺ պատգամավոր Արտյուշ Շահբազյանը:
Պատգամավորները քննարկեցին նաեւ «Հայաստանի Հանրապետության եւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջեւ ծրագրի ֆինանսավորման (Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին) համաձայնագիրը», «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման, բռնագրավման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Եվրոպայի Խորհրդի կոնվենցիան, երկրորդ ընթերցման ներկայացված «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Բանկային, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» (փաթեթ), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (նույնանուն երկու նախագիծ) օրինագծերը:
ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը ներկայացրեց նաեւ
«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը: Նա տեղեկացրեց, որ առաջարկվող լրացման եւ փոփոխության արդյունքում պետական պահպանությունից օգտվող ՀՀ պաշտոնաթող նախագահը, պետական պաշտոնյաները, հաuարակական, քաղաքական, կրոնական եւ այլ գործիչները` բացառությամբ Հայաuտանի Հանրապետության գործող նախագահից, Ազգային ժողովի նախագահից եւ վարչապետից, օգտվելով ՀՀ Սահմանադրությամբ իրենց վերապահված անձնական ազատության եւ անձեռնմխելիության իրավունքից, հնարավորություն կունենան հրաժարվել օրենքով իրենց տրամադրվող պետական պահպանությունից: Մեկ այլ լրացման արդյունքում պետական պահպանության անվտանգությունն ապահովող լիազոր մարմնի ծառայողներին իրավունք է վերապահվում պետական պահպանության օբյեկտին տեղեկացնել, որ պետական պահպանությունը չի կարող շարունակվել, քանի որ օբյեկտի կողմից իրականացվում են հակաօրինական գործողություններ եւ անհապաղ զեկուցել այդ մասին լիազոր մարմնի ղեկավարին: Եթե պետական պահպանության օբյեկտը շարունակում է այդ հակաօրինական գործողությունները, ապա լիազոր մարմնի թույլտվությամբ պետական պահպանության անվտանգությունն ապահովող լիազոր մարմնի ծառայողներին իրավունք է վերապահվում դադարեցնել օբյեկտի պահպանությունը, եւ զերծ մնալ այդ հակաօրինական գործողություններին անուղղակի մասնակցությունից կամ հակաօրինական գործողություններ կատարող անձի պաշտպանությունից:
Քննարկվող հարցի վերաբերյալ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի դրական տեսակետը բարձրաձայնեց հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը` տեղեկացնելով, որ հանձնաժողովը գրավոր առաջարկ կներկայացնի օրինագծի մի քանի դրույթների հստակեցման նպատակով, որոնք մասնավորապես կվերաբերեն «հակաօրինական գործողություն» հասկացությանը եւ օբյեկտի պահպանության դադարեցման ժամկետին :
ԱԺ պատգամավորներն իրենց ելույթներում նույնպես մտահոգություն հայտնեցին, որ առաջարկվող փոփոխությունների որոշ դրույթներ տարընթերցումների տեղիք կարող են տալ եւ հստակեցման կարիք ունեն, նաեւ պետք է խուսափել օրենսդրական իրավիճակային լուծումներից:
Ազգային ժողովը օրինագծի քննարկումը կշարունակի մարտի 18-ի նիստում: