National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.11.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
11.11.2008
Ազգային ժողովում քննարկվեցին սոցիալական ուղղվածություն ունեցող օրինագծեր

Նոյեմբերի 11-ին Ազգային ժողովը քառօրյա նիստերի աշխատանքը շարունակեց քվեարկությամբ` ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը: 

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արայիկ Պետրոսյանը առաջին ընթերցմամբ քննարկելու համար  խորհրդարանին  ներկայացրեց կառավարության հեղինակած «Պետական նպաստների մասին» ՀՀ օենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Փոխնախարարի խոսքով` նախագծով առաջարկվում է «Մարտական խաչ» շքանշանով հետմահու պարգեւատրված զոհված անձանց ընտանիքներին ցուցաբերել պետության առանձնակի մոտեցում եւ նյութական աջակցություն: «Մարտական խաչ» շքանշանով պարգեւատրված` զոհված անձի ընտանիքի նպաստի իրավունքը, դրա շրջանակը, նշանակման եւ վճարման կարգն առաջարկվում է սահմանել  նույն ձեւով եւ սկզբունքներով, ինչ զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստինը: Նշվեց, որ այժմ «Մարտական խաչ» շքանշանով պարգեւատրված` զոհված անձանց ընտանիքների համար լրացուցիչ պետական աջակցության ծրագրեր չկան, նրանք ունեն նույն իրավունքներն, ինչ այլ հավասար պայմաններում զոհվածի ընտանիքները, որը զոհված` Հայաստանի ազգային հերոսների ընտանիքների համար նպաստի ծրագրի գործելու պարագայում` ընդունելի չէ: Կառավարությունն առաջարկում է զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքին եւ «Մարտական խաչ» շքանշանով պարգեւատրված` զոհված անձի ընտանիքին պետության կողմից տրամադրվող աջակցության հարցում ցուցաբերել միատեսակ մոտեցում եւ իրավական դաշտում ստեղծել հավասար պայմաններ: Նշվեց, որ  օրենքի ընդունումից հետո առաջարկվում է նպաստի չափի տարբերակում (2009 թվականի համար) պայմանավորված Հայաստանի ազգային հերոսի, «Մարտական խաչ» առաջին եւ երկրորդ աստիճանի շքանշանների նշանակության աստիճանական հերթականությամբ: Նախատեսվում է «Մարտական խաչ» առաջին աստիճանի  շքանշանով պարգեւատրված զոհված անձի ընտանիքին նպաստ տրամադրել 150 000 դրամ, իսկ երկրորդ աստիճանի համար` 100 000դրամ:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը կարեւորեց օրենքի ընդունման անհրաժեշտությունը` ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Օրինագծի շուրջ տեսակետներ ներկայացնող պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանը, Էռնեստ Սողոմոնյանը եւ Հերմինե Նաղդալյանը  նույնպես կարեւորեցին օրինագծի ընդունումը, ընդգծելով նաեւ բարոյական մեծ նշանակությունը:  Նրանց համոզմամբ հայրենիքի համար զոհված բոլոր  անձանց ընտանիքներին պետք է ցուցաբերվի միեւնույն մոտեցումը:  Պարոն Դալլաքյանը առաջարկեց նպաստի չափը սահմանել օրենքով, այլ ոչ թե կառավարության որոշմամբ,  պարոն Սողոմոնյանը առաջարկեց բոլորի համար սահմանել միեւնույն նպաստի չափը, իսկ տիկին Նաղդալյանը առաջարկեց «նպաստ» բառը փոխարինել «պատվովճար» սահմանումով:

ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացնող Համլետ Հարությունյանը բարձր գնահատեց պետության հոգածությունը հայրենիքի համար զոհված ընտանիքների նկատմամբ: Նրա կարծիքով ապագայում, եթե պետության հնարավորությունները ներեն, լավ կլիներ ոչ միայն Հայաստանի ազգային հերոսների եւ «Մարտական խաչ» շքանշանով պարգեւատրված զոհված անձանց ընտանիքներին ցուցաբերվի առանձնակի մոտեցում, այլեւ պատերազմում զոհված եւ հաշմանդամ դարձած բոլոր անձանց ընտանիքներին:

 Կառավարության հեղինակած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ  օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը Ազգային ժողովին ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի  փոխնախարար Արայիկ Պետրոսյանը: Նրա խոսքով «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է  2009 թվականին նվազագույն ամսական աշխատավարձի չափը սահմանել 30 000 դրամ: Նշվեց, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում իրավաչափ նորմեր սահմանելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել օրենսգրքում կատարել համապատասխան փոփոխություններ: Նվազագույն ամսական աշխատավարձի օրենքով սահմանված չափը ապահովելու նպատակով, անհրաժեշտ է փոփոխություն կատարել նաեւ «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում, որի դեպքում «Եկամտահարկի մասին» օրենքով սահմանված համախառն եկամտից անձնական նվազեցման չափը կհավասարվի նվազագույն ամսական աշխատավարձի օրենքով սահմանված չափին: Օրինագծի վերաբերյալ գլխադասային` ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: Օրինագծի շուրջ եղան ելույթներ: ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացնող Արա Նռանյանը առաջարկեց նվազագույն ամսական աշխատավարձի չափը 30 000 դրամի փոխարեն սահմանել 40000 դրամ:

«Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» եւ «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններին բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Խմելու ջրի մատակարարման, ջրհեռացման, կեղտաջրերի մաքրման եւ ոռոգման ջրի մատակարարման ծառայություններ իրականացնող կազմակերպություններին հարկային արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքների փաթեթը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Զեկուցողը նշեց, որ Հայաստանի ջրային տնտեսության ոլորտի հետագա զարգացման եւ բարեփոխումների շարունակական ապահովման համար անհրաժեշտություն է առաջացել ընդունել արտոնություններ սահմանող մի շարք օրենքներ: Կառավարությունն առաջարկում է ոռոգման ջրի մատակարարման գծով ԱԱՀ-ի եւ շահութահարկի վճարման մասով շարունակել հարկման դրամարկղային մեթոդը, բնապահպանական վճարների գծով` «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» եւ  «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններին ազատել մինչեւ 2009 թվականի հունվարի 1-ը հաշվարկված ու չվճարված բնապահպանական վճարների եւ դրանց նկատմամբ հաշվարկված տույժերի ու տուգանքների վճարման պարտավորություններից,  խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման եւ ոռոգման ջրի մատակարարման ծառայություններ իրականացնող կազմակերպություններին ազատել մինչեւ 2009 թվականի հունվարի 1-ը «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի 24.1-րդ հոդվածով եւ «Շահութահարկի մասին» օրենքի 40.1-րդ հոդվածով նախատեսված բնակչությանը, քաղաքային եւ գյուղական համայնքներին, ջրօգտագործողների ընկերություններին, ջրօգտագործողների ընկերությունների միություններին, համատիրություններին, բազմակաբնակարան շենքի սպասարկում իրականացնող անձանց խմելու եւ ոռոգման ջրի մատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի հեռացման ծառայությունների մատուցման գործարքների մասով հաշվարկված եւ չվճարված ավելացված արժեքի եւ շահութահարկի գծով տուգանքներից: Նշվեց, որ փոփոխությունների ու լրացումների կատարման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ոլորտի կազմակերպությունները դեռեւս գտնվում են կայացման փուլում եւ ունեն պետության աջակցության կարիքը: Օրինագծերի ընդունմամբ  կապահովվի  ջրային տնտեսության ոլորտի բարեփոխումների արդյունավետ իրականացումը եւ համակարգի հետագա շարունակական զարգացումը: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը ներկայացրեց հանձնաժողովի տեսակետը քննարկվող օրենսդրական փաթեթի վերաբերյալ: Նշվեց, որ հանձնաժողովը մանրակրկիտ քննարկել է հարցը, բազմաթիվ առաջարկություններ են արվել, եւ որոշակի վերապահումներ եւ հարցադրումներ ունենալով` այնուամենայնիվ տվել է դրական եզրակացություն: Պարոն Այվազյանը նշեց, որ հանձնաժողովի որոշ առաջարկություններ ընդունվել են կառավարության կողմից: Հանձնաժողովի նախագահը նշեց, որ այս թեմայով հանձնաժողովը կկազմակերպի խորհրդարանական լսումներ, քանի որ ոլորտում գոյություն ունեն բազմաթիվ խնդիրներ: 

Վերջին նիստի մեկ ժամը, ԱԺ կանոնակարգի համաձայն, տրամադրվեց պատգամավորների հայտարարություններին:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am