National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.11.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
12.11.2008
Խորհրդարանը քննարկում է 2009 թ. պետական բյուջեի նախագիծը

Նոյեմբերի 12-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Նիստում ելույթ ունեցավ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Կիպրոսի  Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանը (ամբողջական ելույթը տես առանձին):

Պարոն Գարոյանը հավելեց, որ ինքը արմատներով հայ է եւ շնորհակալ է իր հարազատներին, որ փոքրուց իր մեջ սերմանել են հայկական արժեքներ եւ դաստիարակել հայեցի: Նա  նշեց, որ ինքը դարասկզբի Հայոց ցեղասպանության մասին իմացել է իր հայազգի տատի վկայություններով եւ առաջնորդվել նրա փոխանցած` հայ ժողովրդին չմոռանալու եւ  հայ մնալու պատգամներով:  Մարիոս Գարոյանը հայ պատգամավորներին ուղղված խոսքում շեշտեց, որ ինքը հպարտ է իր ազգությամբ, ինչպես նաեւ Կիպրոսի քաղաքացի լինելու փաստով, որովհետեւ Կիպրոսն այն երկիրն է, որը ջերմորեն է ընդունել ցեղասպանությունից մազապուրծ հայերին:
      
Այնուհետեւ ԱԺ պատգամավորներն սկսեցին քննարկել օրակարգային հարցեր. քվեարկության դրվեցին եւ ընդունվեցին նախորդ օրը քննարկված օրինագծերը, այդ թվում`  «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Օրենսդիր մարմնի գնահատմանը ներկայացվեց «Հայաստանի Հանրապետության 2009 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:  2009 թ-ի ֆինանսական գլխավոր փաստաթղթի մշակման քաղաքականությանն ու ամրագրված սկզբունքներին, ինչպես նաեւ ֆինանսական միջազգային ճգնաժամը դիմակայելու խնդիրներին նախ անդրադարձավ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ապա ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը մանրամասնեց մակրոտնտեսական եւ թվային  այլ ցուցանիշներ: Վարչապետն ասաց, որ բյուջեի նախագծի համար ուղենիշային փաստաթուղթ է հանդիսացել ընթացիկ տարում Ազգային ժողովի հավանությանն արժանացած կառավարության ծրագիրը, որը մշակվել է` հաշվի առնելով ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության, աղքատության նվազեցման ռազմավարական ծրագրի դրույթները, ինչպես նաեւ նախագահի ու քաղաքական կոալիցիայի նախընտրական ծրագրերի եւ քաղաքական  կոալիցիայի համաձայնագրի հիմնական դրույթները: Բյուջեի նախագծի նախնական` խորհրդարանի մշտական հանձնաժողովներում քննարկումների ընթացքում վարչապետն արդեն իսկ խոսել էր բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշների մասին եւ լիագումար նիստում անդրադարձավ ֆինանսական ճգնաժամին եւ մեր տնտեսության վրա դրա հնարավոր ազդեցությանը:
 
Ներկայացնելով գլոբալ ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի սկզբնապատճառները` վարչապետը նկատեց, որ ճգնաժամը տարածվել է զարգացած գրեթե բոլոր երկրների շուկաներում, ինչի արդյունքում  զարգացող երկրները զրկվում են օտարերկյա կարճաժամկետ ֆինանսական միջոցներից:  Որպես ֆինանսական ճգնաժամի առաջին դասեր` Տիգրան Սարգսյանը նշեց  ֆինանսական հատվածում խիստ վերահսկողությունը եւ ռիսկերի բացահայտման ունիվերսալ գործիքների առկայությունը, թափանցիկության կանոնների պահպանումը, հնարավոր ռիսկերի դրսեւորման դեպքում պատժամիջոցների համարժեքությունը, իրական եւ ֆինանսական հատվածներում ռիսկերի բացահայտման միասնական մեթոդաբանության մշակումը, վերահսկող մարմինների համախմբվածությունը,  դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականության համակարգման նոր սկզբունքների մշակումը, մակրոտնտեսական կայունության խաթարման անթույլատրելիությունն ու  սոցիալական համերաշխության եւ վստահության մթնոլորտի ապահովումը:  Գլոբալ ֆինանսական ճգնաժամը, վարչապետի գնահատմամբ, հանգեցրել է  կարճաժամկետ  ֆինանսական միջնորդների  լայնածավալ արտահոսքին, զարգացող երկրներում ներդրումային ծրագրերի կրճատմանը  եւ հետաձգմանը, շուկայի մասնակիցների միջեւ վստահության կորստին:  Այսօր էլ ճգնաժամը հանգեցնում է համաշխարհային համախառն ներքին արդյունքի աճի տեմպերի նվազմանը,  աշխատատեղերի կրճատմանը եւ գործազրկության աճին,  համաշխարհային շուկաներում հումքի եւ որոշ ապրանքների գների նվազմանը: Կենտրոնական բանկի հետ համատեղ ձեռնարկված  միջոցներով կառվարությանը հաջողվել է դիմակայել տնտեսական ճգնաժամի առաջին ալիքին, բայց եւ անհրաժեշտ է հաղթահարել նորերը: Վարչապետը ներկայացրեց Հայաստանի տնտեսությանը սպառնացող  ռիսկերը`   մասնավոր  ուղղակի ներդրումների նվազումը եւ հետաձգումը,   մասնավոր տրանսֆերտների կրճատումը, հանքահումքային արդյունաբերության   ժամանակավոր սառեցումը, շինարարության ոլորտում որոշ ներդրումային ծրագրերի հետաձգումը   եւ կրճատումը: Միջազգային փորձից ելնելով` Տիգրան Սարգսյանը նկատեց, որ այս պայմաններում կա մեկ այլ վտանգի` ստվերի  խորացման եւ կոռուպցիոն ռիսկերի ավելացման հնարավորություն:  Թվարկված բոլոր ռիսկերը, վարչապետի  գնահատմամբ, ուղղակիորեն առնչվում են հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության հետ,  հետեւաբար կառավարությունը քայլերն ուղղելու է   մակրոտնտեսական  եւ ֆինանսական հատվածի կայունության ապահովմանը , ծրագրավորված տնտեսական աճն ապահովելու համար լրացուցիչ խթանների բացահայտմանը եւ ներդրմանը, որոնք կընդլայնեն սպառումը, կխթանեն տեղական արդյունաբերությունը, կտրուկ կավելացնեն արտահանումը, կբարելավեն վճարային հաշվեկշիռը: Այս նպատակներին հասնելու համար   պետությունը տնտեսական գործընթացներում հանդես է գալու նախաձեռնողի դերում:  Բանախոսի  համոզմամբ` տնտեսական աճին խթանելու է հանրապետության նախագահի հայտարարած պետական մասնավոր համագործակցության սկզբունքների ներքո  համահայկական ծրագրերի իրականացումը,  այդ թվում` նոր ատոմակայանի, Իրան-Հայաստան երկաթգծի  կառուցումը,  համահայկական բանկի եւ ներդրումային հիփոթեքային  հիմնադրամների ստեղծումը: Վարչապետը կարեւորեց նաեւ գների ճկունությունն ու տնտեսական մրցակցության ապահովումը: Կառավարութունը նախատեսում է նաեւ ճգնաժամը հաղթահարելու լրացուցիչ միջոցառումներ, մասնավորապես` ձեռնարկություններին աջակցություն:  Նախատեսվող միջոցառումները շատ են, եւ կառավարությունն այդ մասին պարբերաբար հաշվետվություններ կներկայացնի խորհրդարան: ՀՀ վարչապետը, ամփոփելով ելույթը, նշեց, որ 2009 թ. սկզբունքներն են լինելու`  կարգուկանոն ամենուրեք, հրապարակայնություն եւ հասարակական վերահսկողություն, օպերատիվ եւ համալիր գործողություններ: Կառավարության կարգախոսն է լինելու  գլոբալ մտածողությունից կոնկրետ գործողություններին անցնելը:
 
Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը    առավել հանգամանալից անդրադարձավ բյուջեի հիմքում ընկած մակրոտնտեսական ցուցանիշներին,  եկամուտների ձեւավորմանը, ծախսերի բաշխմանը: 2009 թ.-ին համախմբված բյուջեն կկազմի եկամուտների գծով  927,1 մլրդ. դրամ,  ծախսերի գծով` 967,1 մլրդ. դրամ, դեֆիցիտը` 40 մլրդ դրամ: ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմելու է 302,44 դրամ: Մեկ շնչի համար ՀՆԱ-ի ծավալը կկազմի չորս հազար երկու հարյուր դոլար: Նախարարը, ներկայացնելով հարկերի ծրագրված ցուցանիշները, նշեց, որ նախատեսում են առաջիկա տարում բարելավել հարկային վարչարարությունը` շարունակելով բարեփոխումները մաքսային եւ հարկային ոլորտներում: Հարկերի եւ ՀՆԱ-ի հարաբերակցությունը կազմելու է 17,4 տոկոս, ընթացիկ տարվա համեմատությամբ բարելավվելու է ցուցանիշը 0,4 տոկոսով: Ֆինանսների նախարարն ընդգծեց, որ գալիք տարում առաջին անգամ կառավարությունն իր քաղաքականությամբ օգնելու է Կենտրոնական բանկին` գնաճի մակարդակն ապահովելու գործում:
 
Բյուջեի ծախսային մասում գերակշռող տեսակարար կշիռ կունենան  սոցիալական ուղղվածության կրթության, առողջապահության եւ սոցիալական ապահովության բնագավառները` ծախսերի  47,2 տոկոսով: Պաշտպանության, հասարակական կարգի պահպանության եւ ազգային անվտանգության պահպանության ոլորտի հատկացումները կկազմեն ընդհանուրի 22,4 տոկոսը: Համայնքների բյուջեներին տրվող պետական դրամաշնորհները գալիք տարի կկազմեն 3 տոկոս, պետական պարտքի սպասարկումը` 1,7 տոկոս: Նախարարն ըստ ոլորտների եւս անդրադարձավ ծախսերի բաշխվածությանը` առանձնացնելով, որ մանկավարժների մեկ դրույք աշխատավարձը հավելյալ վճարների հետ միասին կկազմի 116 հազար դրամ` ներկա 89 հազարի փոխարեն:  Աշխատանքային կենսաթոշակի միջին չափը 2009 թ.-ին կկազմի 25 հազար 500 դրամ` 17 տոկոսով ավելի: Շարունակվելու է խնայբանկի ավանդների վերադարձման ծրագրի իրականացումը. այս նպատակով առանձնացվել է 1,6 մլրդ դրամ:
 
Ֆինանսների նախարարը 2009 թ. պետբյուջեի նախագիծը բնորոշեց որպես կայուն զարգացման բյուջե` ասելով, որ այն  իրատեսական է: Նախարարը իրատեսական  համարեց նաեւ 4 տոկոս գնաճի ամրագրումը` մեկուկես տոկոս տատանման միջակայքով` ասելով, որ ընթացիկ տարում շատ ավելի մեծ էին գնաճի վրա արտաքին ճնշումները: Տիգրան Դավթյանը տեղեկացրեց, որ ԱԺ հանձնաժողովներում քննարկումների արդյունքում հանձնաժողովներից եւ պատգամավորներից ստացվել են 400-ից ավելի առաջարկություններ, եւ  կառավարությունը քննարկում է դրանք` ելնելով ծախսերի առաջնահերթություններից: Նա պատգամավորներին շնորհակալություն հայտնեց թե շահագրգիռ քննարկումների եւ  թե առաջարկների համար:

Հիմնական զեկուցողին հարցեր ուղղելու համար հերթագրվել էր 13 պատգամավոր: Հարցադրումների մեջ մեծ տեղ էին զբաղեցնում ֆինանսական միջազգային ճգնաժամը եւ դրանից բխող ռիսկերը:  Ֆինանսների նախարարը պարզաբանեց, որ կառավարությունը համապատասխան ռեսուրսներ  է նախատեսել, անհրաժեշտության դեպքում կոնկրետ միջոցառումներ  ձեռնարկելու նպատակով:
 
Բյուջեի նախագծի քննարկումները կշարունակվեն  քառօրյայի վերջին օրը` նոյեմբերի 13-ին:
 
Վերջին նիստում, ինչպես սահմանված է ԱԺ կանոնակարգով, պատգամավորները հարցեր ուղղեցին կառավարության անդամներին:

12.11.2008
Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահն Ազգային ժողովում
Նոյեմբերի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ Էդուարդ Շարմազ...

12.11.2008
Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի ելույթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում
Պարոն նախագահՏիկնայք եւ պարոնայք պատգամավորներՀայ  եղբայրներ եւ ընկերներԱրտահայտում եմ իմ խորին երախտագիտությունը Հայաստան այցելելու Ձեր հրավերի համար: Կյանքի մի երազանք այսօր դառնում է իրականություն` ինչպես անձնական, այդպես էլ քաղաքական մակարդակով: Շնորակալ եմ նաեւ, ձեր, իմ եւ իմ պատվիրակությա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am