![](/news_images/latviaggmmm.jpg)
Շնորհավորելով նորանշանակ դեսպանին` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վստահություն հայտնեց, որ նա իր նպաստը կբերի երկու երկների եւ խորհրդարանների կապերի զարգացմանն ու ամրապնդմանը: ԱԺ նախագահը կարեւորեց Լատվիայի, իբրեւ Եվրամիության անդամ երկրի, աջակցությունը Հայաստանի եվրաինտեգրման գործընթացներում` նշելով, որ Մերձբալթյան երկրների փորձը Հայաստանի համար արդյունավետ է ու օգտակար: ԱԺ նախագահը կարեւորեց նաեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումը` նշելով, որ ապրանքաշրջանառության ծավալները չեն համապատասխանում երկու երկրների հնարավորություններին: Նշվեց նաեւ, որ Ազգային ժողովում 2007 թ. ձեւավորվել է Մերձբալթյան երկրների հետ պատգամավորական բարեկամության խումբ, որը եւս իր կարեւոր առաքելությունը կարող է ունենալ միջխորհրդարանական հարաբերությունների սերտացման գործում: Կարեւորելով փոխայցերի եւ մարդկային շփումների նշանակությունը` ԱԺ նախագահը ցանկություն հայտնեց, որ Լատվիայի խորհրդարանի նախագահը պաշտոնական այցով լինի Հայաստանում` տեղում ծանոթանալու երկրին ու խորհրդարանի աշխատանքին:
Հայաստանում Լատվիայի դեսպան Նիլս Յանսոնի գնահատականով` Հայաստանը ամենահրապուրիչ երկրներից մեկն է աշխարհում իր գեղեցիկ բնությամբ ու հյուրասեր ժողովրդով, նաեւ գտնվում է բարդ տարածաշրջանում, որի ռազմավարական նշանակությունը Հայաստանին դարձնում է կարեւոր գործընկեր Լատվիայի համար: Իբրեւ ԵՄ անդամ երկիր` Լատվիան պատրաստակամ է արեւելյան հարեւանության քաղաքականության շրջանակներում հնարավորինս աջակցել Հայաստանին: Դեսպանը վերահաստատեց Լատվիայի խորհրդարանի նախագահի պաշտոնական այցի հրավերը ԱԺ նախագահին` հույս հայտնելով, որ այցը առաջիկայում կկայանա ու նոր խթան կհաղորդի հարաբերությունների ամրապնդմանը: Գոհունակությամբ տեղեկանալով Ազգային ժողովում Լատվիայի հետ պատգամավորական բարեկամության խմբի մասին, դեսպանն իրազեկեց, որ Լատվիայի խորհրդարանում եւս նման խումբ է գործում ու իր հերթին կարեւորեց պատգամավորների սերտ շփումները հարաբերությունների զարգացման առումով: Նա հաստատեց, որ թեեւ իր նստավայրը Վիեննան է, բայց հաճախակի լինելու է Երեւանում ու իր առաքելությունն է համարում միջպետական ու միջխորհրդարանական կապերի զարգացմանը կարելվույն չափ նպաստելը:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպման ընթացքում դեսպանի խնդրանքով անդրադարձավ նաեւ տարածաշրջանային զարգացումներին` հավաստելով Հայաստանի պատրաստակամությունը նորմալ հարաբերություններ ունենալ հարեւանների հետ` մասնավորապես Թուրքիայի առնչությամբ նշվեց, որ քանիցս Հայաստանի երկրորդ ու երրորդ նախագահները հայտարարել են առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման մասին, բայց կոնկրետ արձագանքներ չեն եղել Թուրքիայից, որ շարունակում է փակ պահել հարեւանի հետ սահմանը` չնայած Եվրամիության անդամակցության հավակնությանը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման առնչությամբ կարեւորվեց Մոսկովյան հռչակագրի ընդունումը, որը հիմք է տալիս հավատալու, որ Ադրբեջանը եւս տրամադրված է հարցը խաղաղ ճանապարհով, բանակցային գործընթացում լուծելու, ինչը միշտ պնդել է Հայաստանը` նկատի ունենալով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կայացող բանակցությունները:
Հայաստանում Լատվիայի դեսպան Նիլս Յանսոնը եւս արձանագրեց, որ հույսով են նայում տարածաշրջանային գործընթացներին` ակնկալելով հարաբերությունների նորմալացում, որը տնտեսական զարգացման նոր հնարավորություններ կստեղծի բոլոր երկրների համար: Եվ` հակամարտությունների խաղաղ կարգավորման Հայաստանի ցանկությունը համահունչ է նաեւ Եվրամիության ձգտմանը` տեսնել ապահով ու կայուն զարգացող արեւելյան հարեւաններ` նպաստելով նոր հարեւանության քաղաքականության շրջանակներում ընդգրկված երկրների զարգացմանը: Նա վստահություն հայտնեց, որ նման մոտեցումը հաջողության գրավական է:
Հանդիպման ընթացքում անդրադարձներ եղան նաեւ այլ խնդիրների: