Նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին: Հանդիպմանը ներկա էին ԵԽ-ում Հայաստանի
մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը, ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեն, հանձնակատարի օգնական Բոյանա Ուրումովան եւ պաշտոնական այլ անձինք:
Ողջունելով պարոն Համարբերգի այցը Հայաստան` Աժ նախագահը գոհունակություն հայտնեց հանձնակատարի եւ իր գրասենյակի հետ ծավալվող արդյունավետ համագործակցության համար: Պարոն Աբրահամյանը վստահեցրեց, որ ՀՀ նախագահի գլխավորությամբ իշխանությունները բոլոր խոչընդոտները հաղթահարելու քաղաքական կամք ու ցանկություն ունեն: Նշվեց, որ ԵԽԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերի առաջարկների կատարման ուղղությամբ ձեռնարկված քայլերից էր ՀՀ նախագահի հրամանագրով փաստահավաք խմբի ստեղծումը: Մարտյան դեպքերի ուսումնասիրության նպատակով ստեղծված Աժ ժամանակավոր հանձնաժողովի հետ հանդիպելուց հետո պարոն Աբրահամյանը նախատեսում է հանդիպել նաեւ փաստահավաք խմբի անդամներին` նպատակ ունենալով աջակցել նրանց գործունեությանը:
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը, որ արդեն մի քանի հանդիպումներ է ունեցել, այդ թվում նաեւ փաստահավաք խմբի անդամների հետ, նշեց, որ խմբի ստեղծումը սպասված ու դրական քայլ է: Նա կարեւորում է փաստահավաք խմբի գործունեության հաջողությունը ու չքաղաքականացումը եւ գտնում է, որ կան բոլոր նախադրյալները` խմբում քաղաքական ուժերը հավասարակշռված են ներկայացված, անդամներն իրավաբաններ են եւ իրենց եզրակացությունը առանց միջնորդության հրապարակելու լիազորություն ունեն: Նրանց հաջողության փորձաքարը, ըստ պարոն Համարբերգի, լինելու է մարտյան դեպքերի հաջորդականության ու ժամանակագրության ճշգրիտ վերհանումը: ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը կարեւորում է փաստահավաք խմբի հետ համագործակցելու պետական կառույցների պատրաստակամությունը, քանի որ կարող են ժամանակավոր հանձնաժողովի հարցումները կրկնող հարցումներ արվել: ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եւ փաստահավաք խմբի համագործակցությունը եւս պարոն Համարբերգը կարեւոր է համարում: Խմբի հետ նրա հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել եւ Ազգային ժողովի շենքում տեղակայվածության խնդրին, որը կարող է դժվարություններ առաջացնել անանուն տեղեկատվության ստացման հարցում, սակայն պարոն Համարբերգը գտնում է, որ այդ հարցը պետք չէ ուռճացնել եւ նման հանդիպումները հնարավոր է ԱԺ-ից դուրս կազմակերպել: Պարոն Համարբերգը անդրադարձավ նաեւ բանտարկյալների ու դատավարությունների ընթացքի հարցերին, մասնավորապես 7-ի գործով հետաքննության 41 հատորների առկայությամբ նա մտահոգություն հայտնեց, որ օբյեկտիվ պատճառներով դատաքննությունը կարող է ձգձգվել, եւ, եթե լինելու է համաներման կամ ներման որոշում, այն կարող է եւ դատավարությունից առաջ կիրառվել, որը նաեւ հասարակական լարվածության նվազմանը կնպաստի:
Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւս փաստահավաք խմբի տեղակայվածության վայրի փոփոխության հիմնավոր պատճառներ չի տեսնում. աշխատասենյակի խնդիրներ Ազգային ժողովում էլ կան, բայց ելնելով հարցի կարեւորությունից` խմբին տրամադրվել են Աժ աշխատակիցների աշխատասենյակները: Նրա գնահատականով` կարեւորը խմբի գործունեության հաջողությունն է: Պարոն Աբրահամյանը կիսում է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի մտահոգությունը, որ դատաքննությունը կարող է երկարաձգվել` քանի որ փաստաբանները պետք է հնարավորություն ունենան ծանոթանալ գործին, այնուհանդերձ դեկտեմբերի 1-ը այդ նպատակով տրամադրված վերջնաժամկետն է: Ակնհայտ է, որ մարտյան դեպքերը բոլորովին ձեռնտու չէին իշխանություններին, թեպետ արմատական ընդդիմությունը ջանք չի խնայում համոզելու հասարակությանը եւ միջազգային կառույցներին, որ դրանց կազմակերպիչն իշխանությունն էր: Աժ նախագահը վերահաստատեց մարտյան իրադարձությունները ամբողջովին բացահայտված տեսնելու իր հաստատակամությունը եւ մեղավորներին` անկախ պաշտոններից, պատժելու անհրաժեշտությունը` բացառելով քաղաքական հայացքների համար մարդկանց դատապարտումը: Աժ նախագահը վստահեցրեց պարոն Համարբերգին, որ իշխանությունների համար շատ կարեւոր է բոլոր գործընթացների թափանցիկության ապահովումը, որպեսզի հասարակության համար ամեն ինչ պարզաբանվի: Այս հարցում նա կարեւորեց պարոն Համարբերգի աջակցությունը` նշելով, որ Հայաստանի իշխանությունների խնդիրը ժողովրդավարական բարեփոխումների շարունակումն է եւ Հայաստանը ժողովրդավարական երկրների շարքում տեսնելը: Համաներման կամ ներման հնարավոր որոշմանն անդրադառնալով` Աժ նախագահը նշեց, որ դատավարություններից առաջ նախագահի նման քայլը կարող է անհասկանալի լինել, որովհետեւ պարզ չէ, թե մարդը ինչի համար է ներվում, եթե բացահայտված չէ` ինչ հանցանք է գործել: Այնուհանդերձ` Հայաստանի իշխանությունները իրապես շահագրգռված են այս խնդիրն արագ կարգավորել, որովհետեւ բազում այլ խնդիրներ կան` մասնավորապես համաշխարհային ֆինանսական ճգնաժամը եւ դրա հետեւանքների հաղթահարումը, բարեփոխումների շարունակման անհրաժեշտությունը, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծումը, տարածաշրջանային անվտանգության ապահովումը: Լիովին պաշտպանելով ՀՀ նախագահի արտաքին քաղաքականությունը` պարոն Աբրահամյանը գտնում է, որ Աժ-ն պետք է նպաստի նաեւ ներքաղաքական խնդիրների լուծմանը` իր լիազորությունների շրջանակում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ կարեւորության նաեւ այլ հարցեր:
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը, ով հատուկ այցով Հայաստանում է գտնվում մարտի 1-2-ի դեպքերի հետեւանքով ազատությունից զրկված անձանց վիճակը եւ դեպքերի
կապակցությամբ իրականացվող հետաքննությունը գնահատելու նպատակով, նոյեմբերի 21-ին Ազգային ժողովում հանդիպեց 2008 թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի հետ: Հանդիպմանը ներկա էին ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեն, հանձնակատարի օգնական Բոյանա Ուրումովան եւ ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը:
Ողջունելով փորձագետների փաստահավաք խմբի ստեղծումը` պարոն Համարբերգը կարեւորեց ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եւ խմբի փոխգործակցությունը: Նշվեց, որ խմբի գործունեւությունը կարեւոր օժանդակություն է հանձնաժողովի աշխատանքներին, քանի որ խմբում ընդգրկված են փորձագետ -իրավաբաններ: Պարոն Համարբերգը կարեւոր համարեց նաեւ հասարակության վստահությունը փաստահավաք խմբի գործունեության նկատմամբ: Նշվեց, որ նման նախադեպեր եղել են տարբեր երկրներում, երբ մի քանի հանձնաժողովներ ուսումնասիրել են միեւնույն իրադարձությունները: Հանձնակատարը կարծիք հայտնեց, որ հանձնաժողովի գործունեության ժամկետը պետք է երկարաձգվի այնքան, մինչեւ փաստահավաք խումբը կավարտի իր աշխատանքները:
Պարոն Նիկոյանը կարեւորեց փաստահավաք խմբի ստեղծումը եւ սերտ համագործակցության պատրաստակամություն հայտնեց: Նա ողջունեց ընդդիմության մասնակցությունը խմբի աշխատանքներին: Նշվեց, որ հանձնաժողովը հսկայածավալ աշխատանք է կատարել, մարտի 1-ի առավոտյան իրադարձությունների վերաբերյալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, տեղեկատվությունը ունի եւ պատրաստ է այդ իրադարձությունների վերաբերյալ հստակ արտահայտել իր տեսակետը, սակայն քանի որ ստեղծվել է փաստահավաք խումբ, հանձնաժողովը նպատակահարմար է գտել սպասել` չբացառելով այն հնարավորությունը, որ փաստահավաք խմբի աշխատանքների ընթացքում կարող է որեւէ նոր փաստ ի հայտ գալ: Պարոն Նիկոյանը նշեց, որ դժվարություններ կան զոհվածների մահվան հանգամանքները պարզելու, ճշտելու ուղղությամբ` ակնկալելով այդ հարցում փաստահավաք խմբի օժանդակությունը:
Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ունեցող այլ հարցեր եւս: