Նոյեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում աշխատանքները սկսեց ԱՊՀ ՄԽՎ 31-րդ լիագումար նիստը: Նիստը բացեց եւ ելույթ ունեցավ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Սերգեյ Միրոնովը:
Պատգամավորները քննարկեցին ժողովրդավարական ընտրությունների կայացման բնագավառում միջազգային համագործակցության կատարելագործմանը, ԱՊՀ անդամ պետությունների սննդամթերքի անվտանգության ապահովման օրենսդրական կարգավորմանը, էկոլոգիական անվտանգության մասին Կոնվենցիայի նոր խմբագրությանն առնչվող հարցեր: Քննարկմանն էին ներկայացված նաեւ մոդելային հարկային օրենսգրքի երկու` «Պետական սոցիալական արտաբյուջետային ֆոնդերի վճարներ կամ սոցիալական հարկ» եւ «Բնական ռեսուրսների օգտագործման եւ բնական միջավայրի համար նախատեսված վճարներ» գլուխները:
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ով նաեւ գլխավորում է ԱՊՀ ՄԽՎ տնտեսական եւ ֆինանսների հարցերի հանձնաժողովը, իր ելույթում նշեց, որ այդ դրույթները բազմիցս քննարկվել են մշտական հանձնաժողովի Սանկտ Պետերբուրգում եւ Երեւանում կայացած նիստերի ժամանակ եւ առաջարկվել է մշակված երաշխավորագրերը Օրենսգրքում, փաստաթղթին ավարտուն տեսք հաղորդելու համար: Այս եւ նշված մոդելային մյուս օրենքները նիստում ընդունվեցին:
ԱՊՀ ՄԽՎ խորհրդի որոշմամբ միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման գործում ունեցած ներդրումների համար ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը պարգեւատրվեց «Համագործակցություն» մեդալով:
ԱՊՀ ՄԽՎ 31-րդ լիագումար նիստի աշխատանքները ամփոփվեցին պատվիրակությունների ղեկավարների համատեղ մամլո ասուլիսով:
Նոյեմբերի 25-ին Հայաստանի ԱԺ պատվիրակությունը վերադարձավ Երեւան: