National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.12.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
05.12.2008
Կառավարությունն առաջարկում է փոփոխել հարկային օրենսդրությունը

Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը դեկտեմբերի 5-ին, Վարդան Այվազյանի նախագահությամբ, անցկացրեց ընդլայնված նիստ` քննարկելու կառավարության  շրջանառած` հարկային օրենքները փոփոխող փաթեթը: Գործադիրն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Ավելացված արժեքի հարկի մասին», «Հարկերի մասին», «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին», «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին», «Եկամտահարկի մասին»,  «Գույքահարկի մասին», «Շահութահարկի մասին», «Հաստատագրված վճարների մասին» օրենքներում, ինչպես նաեւ ընդունել «Արտոնավճարների մասին»  օրենք: 

Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը` ամփոփելով փաթեթի վերաբերյալ մի քանի օր ընթացած քննարկումները, ասաց, որ  կառավարությունն իրենց մտահոգություններն ու առաջարկությունները հաշվի առնելով, խորհրդարան է ներկայացրել լրամշակված տարբերակ:

Պատգամավորները, այդուհանդերձ, քննարկվող փաթեթում տեսնում են  ռիսկային որոշ դրույթներ: Նրանց բարձրացրած հարցերի վերաբերյալ պարզաբանումներ տալու, եւ, ընդհանրապես, փոփոխությունների բովանդակությունը ներկայացնելու համար խորհրդարան էր հրավիրվել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ահարոն Չիլինգարյանը: Նրա  ներկայացմամբ` օրենսդրական  փաթեթը հարկային բարեփոխումների մի մասն է եւ նպատակ ունի խրախուսել ներդրումներն եւ տեղական արտադրությունը,  փոքր բիզնեսի դաշտում կիրառել ավելացված արժեքի հարկի պարզեցված մեխանիզմներ: Մասնավորապես առաջարկվում  է տեղական արտադրողի վրա եւս տարածել «վերաարտահանման» ընթացակարգով  ապրանքներ արտահանելիս ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափ կիրառելու նորմը, որը  գործում է օտարերկրյա կազմակերպությունների համար: Ըստ պրն. Չիլինգարյանի` հնարավորություն է ստեղծվել դուրս գրված եւ ստացված հարկային հաշիվների վերաբերյալ ներկայացնել ճշգրտված տեղեկություններ: Փաթեթում նաեւ ամրագրում կա այն մասին, որ փոքր բիզնեսի համար` տարեկան մինչեւ 58 մլն. դրամի շրջանառությամբ, չեն գործելու օրենքով նախատեսված որոշ սահմանափակումներ:

Վիճահարույց են մնացել երեք նախագծերում տեղ գտած մոտեցումներ: «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում գործադիրն առաջարկում է սահմանել, որ ոչ առեւտրային կոոպերատիվների լուծարման ժամանակ մնացորդային գույքի բաշխումը եւս ենթակա է ԱԱՀ-ով հարկման: Սա, ըստ կառավարության ներկայացուցչի, կբացառի ոչ առեւտրային կոոպերատիվ ստեղծելու միջոցով ԱԱՀ-ից անհարկի խուսափելու հնարավորությունը: Նախատեսվում է նաեւ ԱԱՀ-ի գծով համապարտ պարտավորություն` մեկից ավելի կառուցապատողների կողմից կառուցված տարածքների օտարման գործարքների մասով եւ այդ գործարքների ժամանակ օրենքով սահմանված շեմը կիրառել մեկ անգամ:  Հանձնաժողովականների համար մտահոգիչ է գյուղատնտեսական արտադրության ոլորտում պարտադիր հաշվառման սկզբունքի կիրառումը: Կառավարության ներկայացուցիչը հավաստեց, որ  այստեղ գործելու է կամավորության սկզբունքը: 

 Հանձնաժողովի պատգամավորները  հարկերի բարձրացում են գնահատում «Հաստատագրված վճարների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները: Որակավորում չունեցող հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեության համար սահմանվել է հաստատագրված վճարով հարկման կարգը: Հաստատագրված վճարը հաշվարկվելու է` ելնելով ընդհանուր տարածքի մակերեսից` 1ք/մ համար սահմանելով 3000 դրամ: Այս դրույթը կիրառվելու է 2009 թ. հուլիսի 1-ից: Նախատեսվում է որակավորում ունեցող հյուրանոցային տնտեսությունների հանրային սննդի, վարսավիրական ծառայության, ավտոկանգառների, համակարգչային խաղերի, բաղնիքների եւ ցնցուղարանների կազմակերպման, բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության համար  հաստատագրված վճարով կամ ընդհանուր կարգով հարկման ռեժիմը ընտրելու հնարավորություն: Բարձրացվում է հաստատագրված վճարի ամսական չափը շահումով խաղերի ոլորտում: Պրն. Չիլինգարյանը նշեց, որ հաստատագրված վճարով հարկվող գործունեության տեսակ է համարվում վարսավիրական ծառայությունը, իսկ վարսավիրանոցներում  մատուցվող մյուս ծառայությունները հարկվում են ընդհանուր կարգով, որը դժվարություններ է ստեղծում հարկ վճարողների կողմից հարկերի հաշվարկման եւ հաշվառման վարման համար: Կառավարությունն առաջարկում է նշված բոլոր ծառայությունները բերել հաստատագրված հարկման դաշտ` սահմանելով վճար յուրաքանչյուր աշխատատեղի համար: Հանձանաժողովի անդամները կառավարության ներկայացուցչին իրենց անհամաձայնությունը հայտնեցին հատկապես որակավորում չունեցող հյուրանոցներում հաստատագրված վճար սահմանելու կապակցությամբ: Այդ եւ հանրային սննդի ոլորտում այս հարկատեսակը կիրառելով` հնարավոր է սոցիալական որոշակի լարվածություն առաջանա, ասում է Վարդան Այվազյանը: Գրիգոր Մարգարյանն էլ ներկայացրեց իր ուսումնասիրության արդյունքները, որոնց համաձայն1ք/մ-ի համար նախատեսված 3000 դրամը կարող է վտանգել ողջ բիզնեսը: Հյուրանոցներում, պատգամավորի խոսքերով, սովորաբար օգտագործվում է տարածքի 30-40 տոկոսը, մինչդեռ վճարելու են ողջ տարածքի համար:

«Արտոնավճարի մասին» օրենքի նախագծով կառավարությունը սահմանում է վճարի նոր տեսակ` գործունեության որոշ ոլորտների համար, որի իրացման շրջանառությունը չի գերազանցի 2,5 մլն. դրամը: Արտոնավճարը, նախագծի ձեւակերպմամբ, լինելու է  ֆիզիկական անձանց համար եկամտահարկին եւ ավելացված արժեքի հարկին փոխարինող եւ պետբյուջե վճարվող պարտադիր ու անհատույց վճար: Ահարոն Չիլինգարյանի պարզաբանմամբ`   այս դեպքում եւս նախատեսված է ընտրության հնարավորություն`  արտոնավճար կամ ընդհանուր հարկում: Նախագծին կից հավելվածում արտոնավճարի ենթակա գործունեության տեսակ է դիտարկված, օրինակ,  հագուստի նորոգումը,  կրկնուսուցումը, սպորտային խմբակների կազմակերպումը եւ այլն:

Քննարկման վերջում պատգամավորները հույս հայտնեցին, որ վերջնական տարբերակը մշակելիս, գործադիր իշխանությունը հաշվի կառնի իրենց նկատառումները:



     


05.12.2008
ՀՀ ԱԺ նախագահի ցավակցական ուղերձը ՌԴ խորհրդարանի նախագահներին
ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի նախագահ Բորիս Գրիզլովին եւ Դաշնային Ժողովի Դաշնության Խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովին` Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդի մահվան կապակցությամբ: Ուղերձում նշվում է.«Խոր վշտով...

05.12.2008
Խորհրդարանական ճեպազրույցները
Դեկտեմբերի 5-ին խորհրդարանում հավատարմագրված լրագրողների համար ԱԺ չորրորդ գումարման չորրորդ նստաշրջանի վերջին քառօրյայի աշխատանքներն ամփոփեցին ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները: Հարցերն առնչվում էին «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխություններին, Հելսինկյան հայտարարությանը, հայ-թուրքա...

05.12.2008
Պորտուգալիայի Հանրապետության Ժողովի նախագահի շնորհավորանքը ԱԺ նախագահին
Պորտուգալիայի Հանրապետության Ժողովի նախագահ Ժայմե Գաման ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին պաշտոնական այցով հրավիրել է Պորտուգալիա` երկու երկրների միջպետական ու միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման եւ ժողովուրդների միջեւ կապերն ամրապնդելու նպատակով: Պարոն Գաման նաեւ իր ջերմ շնորհավորանքներն ...

05.12.2008
ՀՀ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները խորհրդարանում
 Դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հրավերով Ազգային ժողովում էին Հայաստանի Հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները` ծանոթանալու օրերս խորհրդարանում առաջին ընթերցմ...

05.12.2008
Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստը Երեւանում
Դեկտեմբերի 5-ին Ազգային ժողովում աշխատանքները սկսեց Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստը, որի օրակարգում Սպիտակի երկրաշարժի 20-ամյա տարելիցի հիշատակի արարողություններին երկու խորհրդարանների մասնակցության հարցն էր:Բացելով նիստը` հանձնաժողովի հայկական կողմի հ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am