National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
9.12.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
09.12.2008
Քննարկման առանցքում են Երեւանի քաղաքաշինական եւ տրանսպորտային խնդիրները

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ դեկտեմբերի 9-ին անցկացվեցին խորհրդարանական լսումներ «Երեւանի քաղաքաշինական եւ տրանսպորտային հիմնախնդիրները թեմայով»` պատգամավորների, պետական գերատեսչական մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ:

Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, լսումները բացելով, նկատեց, որ հանրապետության բնակչության 1/3-րդը կենտրոնացած է մայրաքաղաքում, ինչով եւ պայմանավորված` Երեւանի հիմնախնդիրներն առնչվում են բազմաթիվ քաղաքացիների եւ դրանց նկատմամբ   հետաքրքրությունը մեծ է:  Քննարկումներ ծավալելով` տնտեսական հարցերի հանձնաժողովում նպատակ են ունեցել Երեւանի քաղաքաշինության եւ տրանսպորտի վերաբերյալ լսել մասնագետների մտահոգությունները` հետագայում դրանք արտացոլելով թե օրենսդրական նախաձեռնություններում եւ թե հայեցակարգում:

Խորհրդարանականներից որպես հիմնական զեկուցող հանդես եկավ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը: Քաղաքաշինությունը համարելով Հայաստանի տնտեսության ամենադինամիկ ճյուղը եւ տնտեսական աճի ապահովման  հիմնական ոլորտը` պատգամավորն անդրադարձավ ցուցանիշների հետեւում թաքնված որոշ խնդիրների` շինարարության որակական չափանիշներին, մարդու եւ հանրային իրավունքների  պաշտպանությանը: Կառուցապատումների մեծ մասը, զեկուցողի բնորոշմամբ, իրականացվում է հանրային կարծիքի անտեսմամբ, մարդու իրավունքների ոտնահարմամբ եւ օրենքների ու միջազգային պայմանագրերի խախտմամբ:   Լիլիթ Գալստյանի  գնահատմամբ` հաճախ չեն ապահովում շրջակա միջավայրի պահպանության կամ քաղաքաշինական  նորմերը,  պատմամշակութային եւ ազգային արժեքներն այս համակարգում: Պատգամավորն իր անհանգստությունը հայտնեց Երեւանը կետային բարձր խտության կառուցապատման տարածք վերածելու,  ընդհանուր կանաչ տարածքները 2/3-ով կրճատելու վերաբերյալ, ինչի արդյունքում էլ   քաղաքի օդային ավազանը կորցրել է իր ինքնամաքրման հատկությունը: Պատգամավորը փոխանցեց  հասարակական 38 կազմակերպությունների գնահատականը, որ Երեւանը սպառնում է անապատացում:  Զեկուցողը բերեց մի շարք օրինակներ, որոնք վկայում են  Երեւանի գլխավոր հատակագծի խախտման, քաղաքաշինական խորհրդի եւ քաղաքապետի   որոշումների անտեսման մասին, այդ թվում եւ այն որոշման, ըստ որի քաղաքի կենտրոնի միջին հարկայնությունը չպետք է գերազանցի 4,5-ը: ՀՅԴ խմբակցության անդամը գտնում է, որ անհետաձգելի անհրաժեշտություն է ունենալ հստակ մշակված`  Երեւանի կառուցապատման ու  զարգացման հայեցակարգ:

Հաջորդ զեկուցողը` քաղաքաշինության նախարարի տեղակալ, հանրապետության գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը լսումների մասնակիցներին տեղեկացրեց, որ հայկական  ազգային ճարտարապետության ավանդույթների պահպանման,  քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների պլանավորման, ճարտարապետության բնագավառում  օրենսդրությունը կատարելագործելու նպատակով ստեղծվել է քաղաքաշինական խորհուրդ: Տարբեր մասնագետներով ու պետական մարմինների ներկայացուցիչներով համալրված այս կառույցն էլ  պետք է զբաղվի ռազմավարության պլանավորմամբ, քաղաքական որոշումների կայացմամբ,  աջակցի միասնական քաղաքականության  ձեւավորմանը: Հանրապետության գլխավոր ճարտարապետն իր կարեւոր գործառույթներից է համարում «քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներ»` օրենսդրորեն սահմանված հասկացության ներմուծումն ու գործնական կիրառությունը եւ տեղեկացրեց, որ կառավարությունը այդօրինակ օբյեկտներն առանձնացնելու մասին որոշման նախագիծ է պատրաստում:  Այս ճանապարհով կառավարությունը մտադիր է հանրապետության բնակավայրերում ապահովել կայուն եւ հավասարակշռված զարգացում եւ ապահովել ճարտարապետության ազգային ավանդույթները:   Նարեկ Սարգսյանը խոսեց նաեւ քաղաքաշինական վերահսկողության մասին, որն իրականացվում է պետական տեսչության կողմից:  Ընթացիկ տարում տեսչությունը  իրականացրել  է 487 ստուգում` շինարարական հրապարակներում: Արդյունքում, որպես  արձանագրված խախտումների համար տուգանք, 18 մլն.  60 հազար դրամ է վճարվել պետբյուջե: Հայտնաբերվել է ինքնակամ իրականացվող շինարարության 62 դեպք: Նարեկ Սարգսյանը նկատեց, որ ինքնակամ շինարարությունների քանակը նախորդ տարիների համեմատությամբ նվազել է:

Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Դավիթ Երիցյանը   խոսեց տրանսպրոտային հիմնախնդիրների եւ, մասնավորապես, նախարարության միջոցառումների մասին:  Մայրաքաղաքի տրանսպորտային երթեւեկությունը կարգավորելու համար, ըստ փոխնախարարի, անհրաժեշտ կլինի ստեղծել ստորգետնյա եւ բազմահարկ հատուկ նշանակության կայանատեղեր,  կանոնակարգել ավտոկայանների աշխատանքը, նաեւ` տաքսիներով փոխադրումները:  Փոխնախարարի տվյալներով` 2007 թ. –ից ի վեր  տրամադրվել է տաքսիներով ուղեւորափոխադրումներ կազմակերպելու 468 լիցենզիա` 5591 տաքսիների: Այս թիվն ավելացման միտում ունի, որովհետեւ այսուհետեւ  տաքսիներով փոխադրումներ կարող են իրականացնել նաեւ անհատ ձեռնարկատերերը:  Փոխնախարարը խոսեց նաեւ միկրոավտոբուսները մեծ տեղատարողությամբ ավտոբուսներով փոխարինելու ծրագրերի մասին:

Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանն անդրադարձավ Երեւանի զարգացման հիմնական հեռանկարներին:  Նա ասաց, որ ներկայում Երեւանը եւ նրա կենտրոնը բեռնաթափելու, ամբողջ քաղաքի տարածքը հավասարաչափ օգտագործելու եւ վերակառուցման անհրաժեշտություն ունեն: Այդ իսկ պատճառով նախատեսվում է Երեւանում ստեղծել քաղաքաշինական գոտիներ, որոնք օժտված կինեն համաքաղաքային նշանակության գործառույթներով: Սրանք կլինեն քաղաքի տարբեր հատվածներում, ինչը որոշակիորեն կբեռնաթափի փոքր կենտրոնը: Անկախացման տարիների հետ Երեւանը, գլխավոր ճարտարապետի բնորոշմամբ, ձեռք է բերել նոր գործառնություններ` միջազգային սուբյելտներին բնորոշ: Դեսպանատները, միջազգային կազմակերպություններն ու այլ ներկայացուցչություններ կենտրոնացել են մի տեղ,  եւ մասնագետները նախագծում են, 5 համաքաղաքային գոտիներին զուգահեռ, ստեղծել միջազգային- մշակութային գործարարական կենտրոն եւ միջազգային կառույցները տեղափոխել այդ հատված: Պրն. Դանիելյանն անդրադարձավ փողոցային ցանցի կատարելագործմանը` նշելով, որ փողոցները ծանրաբեռնված են: Այս նպատակով էլ վերջերս վերանայվել են որոշ փողոցների լայնություններն ու թողունակությունը: Մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետն ասում է, որ Երեւանի կենտրոնը վերածվել է մեծ խաչմերուկի.  չունի շրջանցող մայրուղիներ: Մեքենաների կայանման խնդիրներին անդրադառնալով` նա նշեց, որ փողոցների զգալի մասը որպես կայանատեղ է օգտագործում: Մարդկային հոսքերի եւ մշակութային օջախների հարեւանությամբ քաղաքապետարանը ծրագրում է ստեղծել ընդհանուր օգտագործման կայանատեղեր` հիմնականում բազմահարկ: Բակային տարածքներն էլ նախատեսում են  բուն նպատակին ծառայեցնել` փոխարենը ստորգետնյա կայանատեղեր կառուցելով: Պրն. Դանիելյանը տեղեկացրեց, որ մինչեւ 2012 թ. բակային տարածքները վերակառուցելու ծրագիր է մշակվել, կատարվել է կանաչ տարածքների  բացարձակ գույքագրում` առաջին անգամ: լխավոր հատակագծի հաստատումից հետո  նաեւ քաղաքաշինական այլ փաստաթղթեր են մշակվել:

Բարձրացված հարցերի վերաբերյալ ելույթները բազմազան էին`  մասնագիտական գնահատականներից մինչեւ քաղաքական տեսակետներ: «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներն, օրինակ,  մայրաքաղաքի քաղաքաշինական պատկերն այնքան վատ գնահատեցին, որ խոսեցին ոլորտի պատասխանատուների հրաժարականի մասին: Այս ենթատեքստում նրանք մեկ անգամ եւս բարձրաձայնեցին Երեւանի մասին օրենք ընդունելու եւ քաղաքապետին ընտրելու անհրաժեշտության մասին: Հնչեցին մտահոգություններ թե  մարդկանց սեփականության իրավունքն անտեսելու, թե  բնապահպանական ու առողջ սերունդ մեծացնելու վտանգների, թե սեյսմիկ անվտանգությունը չապահովելու մասին: Ներկաներից շատերը  նշեցին   քաղաքաշինական եւ բնապահպանական  նորմերի խախտումներով իրականացվող շինարարության կոնկրետ հասցեներ` հայցելով ոլորտի պատասխանատուների ուշադրությունը: «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը` ամբողջացնելով ՀԿ-ների գնահատականները, ահազանգեց Երեւանը անապատ եւ  սեյսմիկ առումով վտանգավոր գոտի դարձնելու վերաբերյալ: Տկն. Դանիելյանն անհասկանալի է համարում, թե ինչու է մեր մայրաքաղաքն այսօր զարգանում «կետային կառուցապատման» ճանապարհով, երբ Մոսկվան ու Սանկտ-Պետերբուրգը  դադարեցնում են կետային կառուցապատումը եւ ազատ գոտիները կանաչ տարածքների վերածելու ծրագիր իրականացնում: Կամ` ինչու են Երեւանում վերացվել տրամվայները, երբ Փարիզն ու Ստրասբուրգը վերադարձնում են տրանսպորտի այս տեսակը եւ ընդլայնում ցանցը:  Բնապահպանը համարում է, որ Երեւանի կենտրոնում  այսօր չկա ընդհանուր օգտագործման տարածք, կան միայն փոքրիկ կանաչապատված բիզնես-տարածքներ: Կարինե Դանիելյանի խոսքերով, ոչ թե էկոլոգիական խնդրի հետ գործ ունեն, այլ բնակչության 40 տոկոսի առողջության հետ: Տկն. Դանիելյանն իրենց  առաջարկություններին գրավոր ձեւակերպում էր տվել, ինչը եւ փոխանցեց ոլորտի պատասխանատուներին:   
    
Երեւանի փոխքաղաքապետ Կամո  Արեյանը, արձագանքելով հնչած մտահոգություններին, որպես կարեւոր եւ չլուծված հարց մատնանշեց քաղաքաշինության ոլորտում վերահսկողական մեխանիզմների անկատարությունը եւ գործառնությունների կրկնությունը տարբեր մարմիններում: Փոխքաղաքապետը վերահսկողություն իրականացնող մարմինների` այդ թվում եւ համայնքների ու քաղաքապետարանի, գործառույթները հստակեցնելու` օրենսդրորեն կարգավորելու խնդիր է տեսնում: Այնուամենայնիվ, վարչարարության խստացման արդյունքում  2008 թ.-ի ինն ամիսներին  հաջողվել է ինքնակամ շինությունների  մասով պետբյուջե փոխանցել 57 մլն. դրամ, մինչդեռ 2007 թ., համարժեք ցուցանիշը 21 մլն. դրամ էր: Կամո Արեյանը  հավաստիացնում է, որ այն, ինչ կատարվում  է, նախագծված է գլխավոր հատակագծով, եւ մշակվում է տրանսպորտային զարգացման հայեցակարգ:  Փոխքաղաքապետի խոսքերով` թերություններն իրենք եւս տեսնում են, սակայն այդ ամենը շտկելու համար ժամանակ է պետք, հատկապես որ Երեւանի քաղաքաշինական հիմնախնդիրները նոր չեն եւ տասնամյակների պատմություն ունեն: 

Ամփոփելով խորհրդարանական լսումները` ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նշեց, որ այս ձեւաչափով քննարկումները շարունակական են լինելու եւ որ կոնկրետ գործողություններով ու համատեղ ջանքերով են փորձելու Երեւանի քաղաքաշինական պատկերը բարելավել: Նրա   գնահատմամբ` անհերքելի են բարեփոխումներն այս դաշտում, սակայն` նաեւ նկատելի  թերությունները: Անդրադառնալով տրանսպորտային խնդիրներին` պրն. Այվազյանն ընդգծեց հին մեքենաների ներկրման սահմանափակման եւ տրոյլեբուսների պարկի ընդլայնման անհրաժեշտությունը:     Քննարկումները շահագրգիռ բնորոշելով` Վարդան Այվազյանը  շնորհակալություն հայտնեց հնչած մտահոգությունների եւ մայրաքաղաքի նկատմամբ պահանջատիրական  վերաբերմունքի համար` ասելով, որ այն վկայում է   քաղաքը սիրելու եւ քաղաքի հոգսերով ապրելու մասին:



09.12.2008
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթը «Երեխայի իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում
Դեկտեմբերի 9-ին ԱԺ առողջապահության ու ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովների նախաձեռնությամբ կազմակերպված խորհրդարանական լսումների քննարկման թեման էր «Երեխայի իրավունքների պաշտպանությունը Հայաստանում»:         ...

09.12.2008
Երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված խորհրդարանական լսումներ
Դեկտեմբերի 9-ին ԱԺ առողջապահության ու ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովների նախաձեռնությամբ կազմակերպված խորհրդարանական լսումների քննարկման թեման էր «Երեխայի իրավունքների պաշտպանությունը Հայաստանում»:         ...

09.12.2008
Տեղեկատվություն
Դեկտեմբերի 10-ին եւ 11-ին, ժամը 12-ին, ԱԺ նիստերի դահլիճում ԱԺ պետական-իրավական հարցերի եւ Աժ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովները կազմակերպում են  խորհրդարանական լսումներ` «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» ՀՀ օր...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am