Դեկտեմբերի 12 -ին տեղի ունեցավ 2008 թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի
ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի հերթական նիստը` հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի նախագահությամբ: Նիստին առաջին անգամ մասնակցում էին «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը եւ վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը: Նիստին հրավիրվել էր ոստիկանության զորքերի նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Գրիգոր Գրիգորյանը:
Պարոն Նիկոյանը շնորհակալություն հայտնեց պարոն Գրիգորյանին հանձնաժողովի հրավերը ընդունելու համար, քանի որ նա մարտյան դեպքերին առնչություն ունեցող առաջին նախկին բարձր պաշտոնյան է, ով պատրաստակամություն է հայտնել պարզաբանումներ ներկայացնել իրադարձությունների վերաբերյալ:
Պարոն Գրիգորյանը հանձնաժողովի անդամներին մանրամասն իրազեկեց մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում ոստիկանության զորքերի գործողությունների, թվակազմի, սպառազինության հիմնական միջոցների, ցուցարարների եւ զինծառայողների գործողությունների ընթացքի վերաբերյալ: Նրա խոսքով` Ոստիկանության զորքերի սպառազինության մեջ եղել են պաշտպանիչ միջոցներ` ռետինե մահակներ, հակահարվածային վահաններ, պլաստմասե սաղավարտներ, ջրանետ մեքենաներ, հատուկ քիմիական միջոցներ` «Չերյոմուխա» տիպի գազային նռնակով փամփուշտներ, անփամփուշտ գնդակներով հրազեն, 10 հատ «Զարյա» տեսակի ձայնալուսային հատուկ միջոց, որոնցից օգտագործել են 6-ը, իսկ 4-ը վերադարձվել է պահեստ: Գեներալի խոսքով ցուցարարները զինված էին մետաղաձողերով, սրածայր «ոզնիներով», քարերով, վառվող շշերով, մարտական նռնակներով, հրազենով եւ «Զարյա» ձայնալուսային հատուկ միջոցով: Գործողություններին մասնակցել է նաեւ հատուկ նշանակության ջոկատը, որի կազմում եղել է 1 դիպուկահար: Զինծառայողների կողմից առաջին 80 վիրավորվածներից 25-ը ունեցել են հրազենաբեկորային վնասվածքներ: Նրա դիտարկմամբ, ցուցարարների նպատակն է եղել ոչ թե սպանել, այլ վիրավորել զինծառայողներին, քանի որ վիրավորների մեծ մասը ոտքերից էին վնասվել: Պարոն Գրիգորյանի համոզմամբ ցուցարարների գործողությունները կրում էին կազմակերպված բնույթ: Ոստիկանության զորքերի գործողությունները կրել են պաշտպանական բնույթ` կանխելու համար ցուցարարների առաջխաղացումը դեպի կառավարության շենք եւ նախագահական նստավայր: Անդրադառնալով Լեոյի փողոցում տեղի ունեցած դեպքերին` պարոն Գրիգորյանը նշեց, որ «Սվին» խանութի մոտ տեղակայված զորքի ուղղությամբ ցուցարարների կողմից նռնակներ են նետվել, որի հետեւանքով վիրավորվել են մի քանի զինծառայող, իսկ դիպուկահար կրակոցից վիրավորվել եւ հետագայում մահացել է զինծառայող Տիգրան Աբգարյանը: Գեներալը հանձնարարել է դիպուկահարին հարմար դիրք զբաղեցնել եւ թուլ չտալ զինված որեւէ մեկին կրակել անձնակազմի վրա: Հետագայում դիպուկահարը զեկուցել է, որ նկատել է զինված մեկին եւ վնասազերծել` վիրավորելով ոտքերից:
Վերջում պարոն Գրիգորյանը նշեց, որ ինքը ցավում է բոլոր զոհերի համար եւ իր այն մարտական ընկերների համար, ովքեր այժմ ազատազրկված են, բայց դա իրենց ընտրությունն է եղել: Գեներալը նշեց, որ ինքը պաշտպանել է պետության եւ պետականության շահերը եւ արել է առավելագույնը խուսափելու համար զոհերից եւ վիրավորներից:
Գրիգոր Գրիգորյանը պատասխանեց նաեւ հանձնաժողովի անդամների հարցերին:
Անդրադառնալով օրակարգի հաջորդ հարցին, պարոն Նիկոյանը նշեց, որ հանձնաժողովը դիմել է ԱՄՆ դեսպանություն` խնդրելով օգնել որեւէ միջազգային փորձագիտական կենտրոնում անցկացնելու ձգաբանական փորձաքննություն` «Չերյոմուխա -7»-ի նույնականացման խնդիրը պարզելու նպատակով:
Պարոն Նիկոյանը տեղեկացրեց, որ հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Վ.Հարությունյանը դիմել է իրեն` նախաքննական մարմնին վերադարձնելու մարտյան դեպքերի ընթացքում օգտագործված փամփուշտների եւ հատուկ միջոցների վերաբերյալ ՀՀ ՈԶ հատուկ նշանակության ջոկատի զինծառայողների զեկուցագրերի պատճեններից դիպուկահարի ինքնությունը բացահայտող փաստաթղթերը: