ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը 90-ամյակի առիթով շնորհավորական ուղերձ է հղել «Արմենպրես» լրատվական գործակալության աշխատակիցներին.
«Ժամանակակից աշխարհում օրավուր կարեւորվում է տեղեկատվության դերը եւ հասարակայնորեն ընդունված չորրորդ իշխանությունը մեծացնում է իր ներգործության դաշտը: Մենք արդեն չենք պատկերացնում մեր օրը առանց թերթերի ու հեռուստատեսության, առանց մշտական լրահոսի:
Լրատվության դերն ու նշանակությունը կարեւորելով` 1918 թ. դեկտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության Ազգային խորհրդարանը օրենք է ընդունել` պետական լրատվական գործակալության ստեղծման մասին` անվանելով Հայաստանի հեռագրական գործակալություն: Կրելով տարբեր անուններ` 90 տարիներ անընդմեջ, գործակալությունը հավատարիմ է մնացել ժամանակի ու երկրի պատմության տարեգրի իր առաքելությանը` աշխարհին լուրեր հաղորդելով Հայաստանից եւ Հայաստան բերելով աշխարհի նորությունները:
Շնորհակալություն ձեզ` ձեր կատարած կարեւորագույն գործի համար, որ առաջին հայացքից է միայն թվում առօրյա, սովորական աշխատանք: Ժամանակը անցնում է շատ արագ եւ այդ առօրյա լուրերը ստանում են պատմական արժեք` սերունդներին պատմելու համար իրենց հայրերի ու պապերի կյանքի ու աշխատանքի մասին:
Ի պատիվ ձեզ` հարկ եմ համարում նշել, որ թեպետ լրատվական դաշտում` թերթերի, հեռուստաընկերությունների, այլ գործակալությունների, ինտերնետի առկայությամբ, մեծացել է մրցակցությունը եւ մի քանի րոպեների ընթացքում ցանկացած իրադարձության մասին կարող ես պատկերացում կազմել, «Արմենպրես» լրատվական գործակալությունը պահպանում է առաջատարի իր դիրքն ու ձեռագիրը` աշխատելով ճշգրիտ ու արագ` լրատվության հիմնարար ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ հարցերի սպառիչ պատասխաններով:
Գործակալության 90-ամյակի առիթով մաղթում եմ ստեղծագործական նորանոր հաջողություններ` վստահ, որ 10 տարի անց` իր 100-ամյակին «Արմենպրեսը» վերստին լինելու է Հայաստանի Հանրապետության ամենահին ու ամենահուսալի լրատվական գործակալությունը»: