Ավարտելով պաշտոնական հանդիպումները Պեկինում` դեկտեմբերի 17-ին Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Չինաստանի Հայնյան նահանգ:
Առաջին հանդիպումը նահանգի խորհրդարանի փոխնախագահ Ֆու Գոյխուայի հետ էր, նա ընդարձակ ներկայացրեց նահանգի պատմությունն ու ձեռքբերումները: Հայնյանում ութ միլիոն մարդ է բնակվում: Ատլանտյան եւ Հնդկական օվկիանոսների հատման կետում հայտնված կղզին հրաշալի բնություն ունի ու բարենպաստ կլիմա, արդեն քսան տարի է Հայնյանը ազատ տնտեսական գոտի է: Կղզին հատկապես վերջին տարիներին գրավում է տարեկան քսան միլիոն զբոսաշրջիկիների` այս ոլորտի զարգացումը իր հերթին նպաստում է նահանգի տնտեսական բարեփոխմանը: Տիկին Գոյխուան հպարտությամբ ներկայացնում էր իր նահանգի արդյունաբերական ձեռնարկությունները, ճանապարհները, օդանավակայանները, նա նշեց նաեւ, որ աշխարհի քսանութ քաղաքների հետ համագործակցության համաձայնագիր ունեցող նահանգի մայրաքաղաք Հայկոուն եւ ամբողջ Հայնյան նահանգը պատրաստ են համագործակցել Հայաստանի մարզերից մեկի հետ:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ Հայաստանում կարեւորվում են Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը եւ գործարար կապերի հաստատումը: ԱԺ նախագահը վստահություն հայտնեց, որ այցը կնպաստի կապերի խորացմանը երկու երկրների մեջ: Նա տպավորված էր նահանգում տարեկան քսան միլիոն զբոսաշրջիկ հյուրընկալելու փաստից եւ ընդունելով տիկին ոյխուայի առաջարկը` կարեւորեց Հայնյանի փորձի ուսումնասիրումն ու օգտագործումը Հայաստանում:
Հայկոուում պատվիրակությունը այցելեց «Հայմա» ավտոընկերություն, որ հանրահայտ «Մազդայի» դուստր ձեռնարկությունն է, տարեկան երեքհարյուր հազար մեքենաների արտադրությունը ձեռարկությանը առաջատար դիրքեր է ապահովում ոչ միայն Չինաստանում, «Հայմայի» մեքենաները պահանջարկ ունեն աշխարհի տասնյակ երկրներում:
Դեկտեմբերի 19-ին պատվիրակությունը կվերադառնա Երեւան: