National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.12.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
23.12.2008
Ազգային ժողովը քննարկեց «Համահայկական բանկի մասին» օրինագիծը

ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 23-ին գումարվեց ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: ԱԺ պատգամավորները  արտահերթ նստաշրջանի անցկացման հատուկ ընթացակարգի մասին եւ մի շարք օրենքների նախագծերի քննարկման հատուկ կարգի մասին Ազգային ժողովի որոշումները  հաստատելուց հետո սկսեցին քննարկել օրակարգում ընդգրկված օրինագծերը:

ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրեց «Համահայկական բանկի մասին» օրինագիծը եւ դրան առնչվող մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրինագծերի փաթեթը, որի ընդունման նպատակը համահայկական բանկի գործունեության  իրավական հիմքերի ստեղծումն է:

Համահայկական բանկը  բաց բաժնետիրական ընկերություն է, որը հիմնադրվում է այս օրենքի հիման վրա, գործում է մասնավոր եւ պետական համագործակցության սկզբունքով: Համահայկական բանկի ընդհանուր կապիտալի չափը պետք է լինի Հայաստանի Հանրապետության տարածքում նոր ստեղծվող բանկի համար սահմանված ընդհանուր կապիտալի չափից ոչ պակաս: Նրա հիմնադիրներից է Կենտրոնական բանկը եւ (կամ) Հայաստանի Հանրապետությունը:

Համահայկական բանկի հիմնադիր կամ մասնակից կարող են լինել քաղաքացիական  իրավունքի այլ սուբյեկտներ:

Այս բանկի նպատակն է նպաստել ուժեղ, մրցունակ եւ գիտելիքի վրա հիմնված հայության ներուժի ձեւավորմանը եւ այն ուղղել ամբողջ հայության մրցունակության ավելացմանը համաշխարհային շուկայում, բանկն իր գործունեությունն իրականացնում է լիազոր մարմնի` ազգային մրցունակության խորհրդի ռազմավարության ներքո, իրականացնում է բանկերին բնորոշ գործառնությունները` բացառությամբ ռեզիդենտներից հրապարակային առաջարկներով միջոցներ ներգրավելուց:  Բանկը ֆինանսական շուկայում երկարաժամկետ ներդրումների խրախուսման նպատակով մշակում եւ (կամ) իրականացնում է կրթական նախագծեր, ձեւավորում է նախագծերի առաջարկի եւ պահանջարկի տեղեկատվական հարթակ, ինչպես նաեւ իրականացնում է համահայկական գործարար համագործակցության ուղղությամբ  աշխատանքներ: 

Համահայկական բանկը գործունեության ծրագիր կազմելիս առաջնորդվում է լիազոր մարմնի  ռազմավարությամբ, ընդ որում, գործունեության ծրագիրը կազմում եւ իրականացնում է բանկերի հետ Հայաստանի Հանրապետության տարածքում չմրցելու սկզբունքով: Բանկի կառավարման մարմիններն են՝  մաuնակիցների ընդհանուր ժողովը,  խորհուրդը,  գործադիր տնoրենը կամ վարչության նախագահը: Համահայկական բանկի գործունեության նկատմամբ վերահuկողության իրավունքը պատկանում է Կենտրոնական բանկին:

Պարոն Ջավադյանը պատասխանեց նաեւ ԱԺ պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին Համահայկական բանկի կարգավիճակին, գործունեության սկզբունքներին, նպատակներին, գործառնություններին, ֆինանսական հաշվետվությանը, վերահսկողությանը, իրավական կարգավորման սկզբունքներին:

Քննարկվող հարցի վերաբերյալ մտքերի փոխանակությամբ հանդես եկած ԱԺ պատգամավորները միանշանակ ընդունում էին Համահայկական բանկ ստեղծելու գաղափարը, սակայն նրանց զգալի մասը այդ գաղափարները իրականացնելու մեխանիզմները թերի էր համարում: Այսպես. Ստյոպա Սաֆարյանի կարծիքով` մի կողմից տխուր ավանդույթ է դարձել համահայկական խնդիրները հապճեպ լուծելու մտայնությունը, մյուս կողմից նման ծրագրեր ներկայացնելու համար այդ բանկին պետք չէ տալ արտոնություններ եւ բացառիկ իրավունքներ, որ մյուս առեւտրային բանկերը չունեն: Ըստ Վիկտոր Դալլաքյանի` գաղափարը իրականություն դարձնելու համար առաջարկվող միջոցները  իրատեսական չեն.  ՀՀ կառավարությունը պետք է մշակի ու ձեւակերպի համահայկական գաղափարները, իսկ Ազգային ժողովը որպես հաշվետվություն քննարկի եւ ընդունի ի գիտություն: Նա անընդունելի համարեց նաեւ համահայկական բանկը Կենտրոնական բանկի կցորդ դարձնելու փորձը եւ առաջարկեց նախագծի մի շարք դրույթներ հստակեցնել եւ օրինագծում ներառել համահայկական խնդիրների առաջնահերթությունները: Արմեն Մարտիրոսյանի կարծիքով` Համահայկական բանկ ստեղծելու գաղափարները ընդունելի են, նպատակները`  անհասկանալի, իսկ մեխանիզմները` հակասական: Ըստ նրա` ԱԺ-ն պետք է վերահսկողություն իրականացնի` համահայկական բանկի խորհրդի անդամների մեկ երրորդին ընտրելով:Հովհաննես Մարգարյանը նկատեց, որ  ներկայացված նախագիծը ֆինանսատնտեսական, քաղաքական եւ իրավական խնդիրներ լուծելու նպատակ ունի, այնինչ դրանք հաճախ մնում են որպես գաղափարներ, իսկ իրավական առումով տպավորություն է ստեղծվում, որ համահայկական բանկը կենտրոնական բանկի կցորդն է: Հերմինե Նաղդալյանը նշեց, որ նախագիծը Հայաստան-սփյուռք, պետություն-մասնավոր հատված համագործակցության կարեւոր խնդիրներ է առաջադրում, որոնք, սակայն, հստակ լուծումներ են պահանջում: Ինչ վերաբերում է համահայկական բանկի եւ առեւտրային բանկերի առջեւ դրաված խնդիրների տարբերությանը, դրանք բխում են համահայկական հարցերի կարեւորությունից: Արծրունի Աղաջանյանը, կարեւորելով օրինագծի գաղափարը, մեխանիզմները համարեց թերի. ըստ նրա` օրենքը լրամշակման կարիք ունի, ինչը նաեւ ժամանակ է պահանջում: Լարիսա Ալավերդյանի կարծիքով` անընդունելի է օրենքը հապճեպ ընդունելու մտայնությունը, ինչի պատճառով նախագծում բազմաթիվ են ոչ հստակ, անորոշ ձեւակերպումները: Արտակ Դավթյանը օրինագիծը փայլուն եւ ժամանակին ներկայացված գաղափար, հայության միասնությանն ուղղված ֆինանսական ինստիտուտ համարեց, որը ֆինանսական միջոցները ներգրավելու եւ բաշխելու կարեւոր դեր է ստանձնելու եւ դառնալու ներդրումային բանկ:

«Ժառանգություն» խմբակցության տեսակետը քննարկվող հարցի վերաբերյալ ներկայացրեց Լարիսա Ալավերդյանը: Ըստ նրա` օրինագիծը թերի է ոչ միայն տեխնիկական, այլեւ հայեցակարգային տեսանկյունից: Պետք է լրամշակել օրենքը, հստակեցնել, թե ինչ տեսակ բանկ ենք ուզում ստեղծել` հաշվի առնելով միջազգային փորձը, պետք է բացառել անորոշ արտահայտությունները, ոչ իրավաբանական կատեգորիաները, իսկ թափանցիկ կառավարում իրականացնելու համար պետք է վերահսկողական հատուկ գործառույթներ ամրագրել:

ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը ներկայացրեց ՀՀԴ խմբակցության տեսակետը: Նրա կարծիքով` յուրաքանչյուր ազնիվ ու վեհ գաղափար կարող է վարկաբեկվել, եթե այն ճիշտ չի իրականացվում, բայց այսօր սփյուռքի նկատմամբ վերաբերմունքը փոխվել է, ինչը հասկանում է նաեւ սփյուռքահայությունը: Ներկայացված գաղափարները հաջողությամբ իրագործելու համար պետք է սփյուռքահայերի նկատմամբ ճիշտ վերաբերմունքի ձեւավորել եւ սփյուռքից կատարվող ներդրումները դարձնել թափանցիկ: Այս դեպքում համայն հայերի ներուժը կուղղվի Հայաստան եւ մեր երկրի նախաձեռնողական քաղաքականությունը կակտիվանա սփյուռքում: Ըստ նրա` առաջարկների կարեւոր մասը եթե հաշվի առնվի, արդյունքում կստեղծվի շատ լավ օրենք:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Վարդան Բոստանջյանի կարծիքով` նախագծի հիմքում չափազանց կարեւոր գաղափար է դրված, սակայն հապճեպության պատճառով օրինագծում տեղ են գտել բազմաթիվ ոչ հստակ ձեւակերպումներ: Պարոն Բոստանջյանը անընդունելի համարեց նաեւ ԿԲ-ին այդքան վերահսկողական գործառույթներ տալը եւ առաջարկեց Համահայկական բանկի լիազոր մարմին ընդունել եւ վերահսկողական բացառիկ իրավունքը տալՀՀ կառավարությանը:

ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացնելով` Գագիկ Մինասյանը տեղեկացրեց, որ նախագծի հիմքում դրված գաղափարը նոր չէ. այն իր ուղերձում ներկայացրել է ՀՀ նախագահը եւ քննարկվել է գործարար շրջանակներում: Դա  հնարավորություն կտա  համահայկական ծրագրերի իրականացման նպատակով ուղղորդել տեսանելի ֆինանսական միջոցներ: Մեր երկիրն այսօր տնտեսապես գտնվում է  այնպիսի վիճակում, որ ինքը կարող է ներդրումներ կատարել եւ սփյուռքի աջակցությամբ լուծել ոչ միայն Հայաստանի, այլեւ արտերկրի հայերին առնչվող խնդիրները: Նրա կարծիքով` Համահայկական բանկի գործունեությունը պետք է լինի թափանցիկ եւ վստահություն ներշնչող: Այդ բանկը նաեւ շահույթ պետք է հետապնդի, որպեսզի ներդրումներ կատարող ֆիզիկական անձինք ունենան իրենց դիվիդենտները: Այս բանկի ստեղծման գաղափարը նա կարեւոր համարեց  ֆինանսատնտեսական ճգնաժամի հետագա մարտահրավերները դիմագրավելու տեսանկյունից: 

ՀՀ կառավարությանն առընթեր  պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ահարոն Չիլինգարյանը ներկայացրեց «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը եւ դրա հետ կապված այլ օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը: Այն վերաբերում է որոշ ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների հաշվարկած ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետներին, վճարումների կարգին, դրանց չկատարման դեպքում իրականացվող միջոցառումներին:

Ազգային ժողովը ընդհատված հարցի քննարկումը կշարունակի դեկտեմբերի 24-ին:


23.12.2008
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
Դեկտեմբերի 23-ին տեղի ունեցան ԱԺ մշտական երկու հանձնաժողովների նիստեր: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, Արմեն Ռուստամյանի  նախագահությամբ, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Հրաչյա Հարությունյանը  ներկայացրեց 2007 թ. հոկտե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am